Մատչելիության հղումներ

ՔԿ-ն որոշ մանրամասներ է հաղորդել Նիգավանի մոտ տեղի ունեցած միջադեպից


Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հաղորդել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպից։

Ըստ Կոմիտեի, հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարանի մոտակայքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարանի մի խումբ բնակիչներ:

Կոմիտեն նշում է, որ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարանի սկզբնամասում: Հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարանում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել նրան:

Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակել է իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ, ասված է հաղորդաագրությունում:

32-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Երեկ Ոստիկանությունը հաղորդեց, որ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում, 7 մարդ տուժել և հոսպիտալացվել է, նրանցից մեկը մահացել է: Նախնական տվյալներով` գործադրվել է որսորդական հրացան։ Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG