Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է ՀԱՊԿ-ը՝ հայտարարելով, որ պետք է ինչպես հարկն է քննարկել Հայաստան ադրբեջանական զինուժի ներխուժումը, և ռազմական կառույցի կողմից պատշաճ արձագանքի բացակայությունը կհանգեցնի ՀԱՊԿ արդյունավետության նվազմանը։
Նախօրեին Հայաստան էին ժամանել դաշինքի անդամ-երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները՝ մասնակցելու իրենց կոմիտեի այսօրվա նիստին։ Ներկայում Երևանն է նախագահում ՀԱՊԿ-ում, և ժամեր առաջ ընդունելով անվտանգության ոլորտի պատասխանատուներին՝ Փաշինյանն ասել է, որ հարցը բարձրացրել է վերջերս Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին։
«Ինչո՞ւ եմ ես այս մասին խոսում: Դուք գիտեք, որ դեռևս նախորդ տարի մայիս ամսին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին մեր տարածք, և այդ կապակցությամբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին: Ես բազմիցս այդ մասին խոսել եմ, և որպես նախագահող՝ ցանկանում եմ ընդգծել, որ այդ հարցը պետք է քննարկել, ինչպես հարկն է: Ինչո՞ւ՝ որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունները շարունակվում են, և մենք այս հարցը պետք է քննարկենք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ դա և՛ մեզ, և՛ կազմակերպության համար շատ սկզբունքային հարց է», - հայտարարել է Փաշինյանը։
Նախորդ տարվա հուլիսին՝ Հայաստան ադրբեջանական զինուժի ներխուժումից մոտ ամիսուկես անց իրավիճակին անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, թե դաշինքի ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, անդամ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում, իսկ այս դեպքում գործ ունենք, սահմանային միջադեպի հետ, և որ առջևում շատ աշխատանք կա սահմանների խնդրի լուծման ուղղությամբ:
Թերևս, սա նկատի ունենալով՝ Փաշինյանն այսօր ընդգծել է. - «Ես ցանկանում եմ նշել նաև հետևյալը. մեր տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո որոշ մեկնաբանություններ եղան առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա սահմանագծված և սահմանազատված սահման: Անկեղծ ասած, սա բավական վտանգավոր ձևակերպում է, քանի որ ահա մենք ասում ենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի: Եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնվեն այն սահմանները, որոնցով իրականացվել են դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացները, դա կարող է լղոզել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հասկացությունը, քանի որ հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է սկսվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, և որտե՞ղ է ավարտվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին»:
Նշելով՝ Երևանի դիրքորոշումն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունի կոնկրետ սահման, քանի որ 1991թ. ԱՊՀ ստեղծմամբ գրված է, որ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց սահմանները՝ վարչապետը եզրափակել է. - «Այստեղ նկատի են առնվում Խորհրդային միության ժամանակաշրջանի վարչական սահմանները, և ես կարծում եմ, որ մենք պետք է այս ելակետն ունենանք: Այս իրավիճակի հակառակ մեկնաբանությունը, կարծում եմ, կնվազեցնի ՀԱՊԿ արդյունավետությունը»:
Երևանը արձագանքում է «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարությանը
Այսօր առավոտյան կայացած ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին պաշտոնական Երևանը արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվից հնչող հայտարարություններին։
Ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, թե Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը, սակայն Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։
Արմեն Գրիգորյանն ընդգծել է` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ բոլոր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, անցած տարվա հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում միջանցքների մասին որևէ հիշատակում չկա։
Երեկ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ Բաքվի Գլոբալ իններորդ ֆորումին Ադրբեջանի նախագահը «Զանգեզուրի միջանցքի» հարցը կապեց խաղաղության հետ։
«Զանգեզուրի միջանցքի հարցի շուտափույթ լուծումը ապագայում տարածաշրջանային խաղաղության հաստատման հիմնարար տարրերից է: Եթե մեզ համար չապահովեն մուտք ու ելքը, ապա շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Հայաստանի հետ համակեցության, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը ապարդյուն կլինեն», - հայտարարել է Ալիևը:
Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում. Պատրուշև
Անվտանգության խորհրդ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու իր ռուսաստանցի գործընկերոջ երեկ կայացած հանդիպմանը, ըստ հայկական կողմի, Նիկոլայ Պատրուշևը «շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական կարևոր գործընկեր պետություն է և Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում»։
Այս հանդիպման մասին Ռուսաստանի անվտանգության խորհրդի հաղորդագրությունում, սակայն, նման ձևակերպում չկա։ Փոխարենը, նշված է, որ կողմերը քննարկել են երկու երկրների փոխգործակցության հեռանկարները՝ ելնելով Հարավային Կովկասում կայունության շահերից։
Риа Новости-ի հաղորդմամբ, հայաստանյան նիստի ընթացքում Պատրուշևը, ում ռուսական մամուլը համարում է Պուտինից հետո երկրորդ մարդը Կրեմլում, Արևմուտքի հասցեին կոշտ հայտարարություններով է հանդես եկել։ Նա պնդել է, թե ՆԱՏՕ-ն դիտարկում է արևելաեվրոպական տարածաշրջանը որպես մարտական գործողությունների ամենից հավանական թատերաբեմ, և որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները հետևողական ջանքեր են գործադրում՝ վերածելու Եվրասիան այրվող տարածության՝ բաղկացած միմյանց հետ հակամարտող և Ուկրաինայի նման մարիոնետային պետություններից։
ՀԱՊԿ նիստի հրապարակային հատվածում Պատրուշևի այս խոսքերը անարձագանք մնացին։