Երևանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը․ ԱԳՆ խոսնակ

Երևանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկը, այսօր ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանն՝ «Արմենպրեսի» խնդրանքով արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։

«Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ», - ասել է Հունանյանը։

Բաքվի Գլոբալ ֆորումին Իլհամ Ալիևն ասել է, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկից: Նա նշել է, թե վրաց գործընկերների հետ խորհրդակցել են այս հարցի շուրջ և Վրաստանի իշխանությունները պաշտպանում են արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպելու գաղափարը։ «Ցավոք սրտի, Հայաստանը հրաժարվել է։ Պատճառն ինձ հայտնի չէ։ Ես չեմ կարողանում հիմնավոր բացատրություն գտնել», - ասել է Ալիևը։