Հայաստանում բարձր գնաճը շարունակվում է՝ թանկացումների տեմպը չի նվազում։ Պաշտոնական վերջին տվյալներով` 12-ամսյա գնաճը 9 տոկոս է կազմել։ Քաղաքացիների գրպաններին է հարվածում հատկապես պարենի թանկացումը։
«Ազատության» հետ զրույցում երևանցիները չեն թաքցնում՝ ստիպված են անընդհատ խնայել:
«Ահավոր է, բանկի նախագահն ասում է՝ «գնաճը շատ բարձր է»։ Գոնե մտածեն դրա համար։ Հարկավոր է ինչ-որ բան անել չէ՞», - ասաց քաղաքացիներից մեկը։
76-ամյա տիկին Լյուդան, օրինակ, կամուկացի մեջ է՝ գնի՞ իր ուզած ապրանքը, թե՝ ոչ, հույս ունի, թե դեռ կէժանանա, որովհետև 55 հազար դրամ թոշակը չի բավարարում. «Երեխաները կողքից մեկ-մեկ օգնում են, ուրիշ ձևով հնարավոր չէ մենակ թոշակով ապրել»:
Ըստ Կենտրոնական բանկի՝ Հայաստանը տարին կփակի 8.5 տոկոս գնաճով։ Գլխավոր դրամատունն իր այս վերջին կանխատեսումն արեց թանկացած հայկական արժույթի պայմաններում, երբ փորձագետներն ընդգծում են՝ դոլարի ու եվրոյի համեմատ արժևորված դրամը կարող է որոշակի գնիջեցման հանգեցնել։
Օրեցօր թանկացող դրամը վերջին շաբաթների ամենաքննարկվող թեմաներից է։ Մասնագետներն այս միտումը պայմանավորում են մի շարք հանգամանքներով՝ առաջին հերթին մատնանշելով ռուսների բերած արտարժույթի գործոնը։ Տնտեսագետները բացատրում են՝ եթե էժանացած դոլարը խնդիրներ է ստեղծում արտահանողների համար, ապա ներկրողներն, ընդհակառակը, ապրանքների համար ավելի քիչ են վճարում, ինչն էլ կարող է արտացոլվել խանութներ հասնող ապրանքների գների վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դրամը շարունակում է արժևորվել՝ առաջացնելով խնդիրներ ՏՏ և այլ ոլորտներում»Այդ դեպքում ինչո՞ւ քաղաքացիները ներկրվող ապրանքների էժանացում չեն նկատում. տնտեսագետ Նարեկ Կարապետյանը բացատրում է՝ տնտեսվարողները արժևորված դրամը դեռևս հիմք չեն ընդունում ու շարունակում են առաջնորդվել փոխարժեքի նախկին մակարդակով:
«Տնտեսվարողների մի մասի մոտ էդպիսի սպասումներ կան և անորոշություն կա, որի հետ կապված դեռևս փոխարժեքի գործոնը գներում ոչ ամբողջությամբ է ներառված», - ասաց նա։
Տնտեսվարողներն իրենց մոտեցումները կփոխեն, ու գների վրա ազդեցություն կնկատվի, եթե դրամի արժևորման այս միտումը դեռ մի քանի ամիս էլ շարունակվի, կարծում է տնտեսագետը։
«Մեր տնտեսվարողների սպասումներն էլ արդեն կկայունանան փոխարժեքի նոր մակարդակի պայմաններում ու, բնականաբար, գնային միջավայրում ավելի լավ կարտացոլվի փոխարժեքի արժևորման գործոնը», - ասաց Նարեկ Կարապետյանը։
Դրամի փոխարժեքին օրերս անդրադարձավ գլխավոր դրամատունը։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց՝ դրամի արժևորումն առաջիկայում կազդի գնաճային միջավայրի վրա:
«Մենք ակնկալում ենք, որ լագային ազդեցությամբ փոխարժեքի արժևորումը, որը բնականոն գործընթաց է այսօր Հայաստանում, պիտի որոշակի ազդեցություն ունենա ներմուծվող ապրանքների գների վրա։ Հիմա արդյոք դա նշանակում է, որ ներմուծվող ապրանքների գներն անպայմանորեն պետք է իջնեն, դա պետք է նայել, որովհետև մենք գիտենք, որ կան նաև որոշակի խնդիրներ, օրինակ, փոխադրումների հետ կապված՝ Լարսի խնդիրն ունենք, փոխադրումների գների թանկացման խնդիր ունենք։ Այսինքն՝ պետք է հասկանանք, եթե էդ խնդիրներով հանդերձ, արժևորման արդյունքում, կա՛մ միջազգային գների տատանումների, կա՛մ փոփոխության արդյունքում հնարավորություն կա՞, ներմուծողները պիտի ճշգրտեն իրենց գները ներքևի ուղղությամբ», - ասաց ԿԲ նախագահը:
Գալստյանը, կոնկրետ օրինակներ բերելով, նաև ընդգծեց՝ դրամ-դոլար այս տատանումն արդեն իսկ որոշակի ադզեցություն ունեցել է գների վրա. «Նախորդ տարվա նույն օրվա համեմատ, օրինակ, ցորենն ավելի թանկ է` 57 տոկոսով աշխարհում, միջազգային գինն եմ ասում, եգիպտացորենը` 22.5 տոկոսով, սուրճը` մոտ 60 տոկոսով, նավթը` 73.2 տոկոսով, իսկ մեր ներքին գները, ըստ էության, նույն չափով չեն աճել, դա էլ պիտի նշենք, այսինքն` փոխարժեքի արժևորումը որոշակի ազդեցություն, այնուամենայնիվ, ունենում է»:
Անցնող շաբաթներին տնտեսագետներն էլ էին ընդգծում՝ եթե մի ապրանքն այժմ թանկացել է, օրինակ, տասը տոկոսով, չարժևորված դրամի պարագայում կարող էր թանկանալ ավելի շատ, այսինքն` դրամի արժևորումը որոշ չափով զսպում է առանց այն էլ բարձր գների էլ ավելի մեծ աճը:
Արժույթի տատանումներին, գնաճին զուգահեռ և՛ մասնագետները, և՛ կառավարությունն ընդգծում են՝ ամեն ինչ շատ անորոշ է՝ ավելի հստակ ու երկարաժամկետ տնտեսական կանխատեսումներ անելու համար։