Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ռումինիայում ասել է, թե ամեն ինչ կանի Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար:
Մակրոնը եռօրյա այցով է մեկնել Ռումինիա: Սև ծովի ափին Կոնստանցայի մոտակայքում գտնվող ՆԱՏՕ-ի Կոգալնիչեաու ռազմակայանում Մակրոնը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսի ընկերակցությամբ հանդիպել է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Հյուսիսատլանտյան դաշինքի այլ երկրներից գործուղված զինծառայողների հետ:
Այսօր ավելի ուշ Մակրոնը պետք է մեկնի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև, որտեղ կհանդիպի արևմտամետ նախագահ Մայա Սանդուի հետ:
Պաշտոնապես դեռևս չհաստատված որոշ տեղեկությունների համաձայն, Մակրոնը կարող է Քիշնևից մեկնել նաև Կիև, ընդ որում այդ այցին կարող են միանալ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Մենք պարտավոր ենք սատարել Ուկրաինային, սակայն պետք է մշտապես գիտակցենք, որ մենք և Ռուսաստանը պատերազմի մեջ չենք»,- Ռումինիայում ասել է Էմանյուել Մակրոնը: