Մոսկվայի և Անկարայի շահերը կրկին բախվել են Սիրիայում

Ռուսաստանի և Սիրիայի ազգային դրոշները Մանբիջի մերձակայքում գտնվող ռազմական մեքենաների վրա, արխիվ

Ռուս - թուրքական հարաբերությունները հերթական փորձության միջով են անցնում, Մոսկվայի և Անկարայի շահերը կրկին բախվել են Սիրիայում։

Կրեմլը չի հավատում, որ Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի նոր գործողությունը կնպաստի Սիրիայի կայունությանը և անվտանգությանը, այսօր հայտարարել էր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք հավատում, որ այս հատուկ գործողությունը կնպաստի Սիրիայի Արաբական Հանրապետության կայունությանը և անվտանգությանը», - ընդգծել է Պեսկովը:

Նուր-Սուլթանում Սիրիայի հարցով այսօրվա բանակցություններից առաջ Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևն էլ հայտարարել էր, որ Մոսկվան Անկարային կոչ կանի հրաժարվել այդ քայլից և խնդիրները երկխոսության միջոցով լուծել։

Ղազախստանում Աստանայի գործընթացի շրջանակներում Սիրիայի կարգավորման բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները։ Բանակցություններից առաջ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացը նաև ընդգծել էր, որ օրակարգում է Իսրայելի կողմից սիրիական օդանավակայանի գնդակոծման հարցը։

«Իհարկե, մենք կքննարկենք Իսրայելի կողմից Սիրիայի ուժեղացված գնդակոծման հարցը։ Դա անընդունելի է։ Ավելին, հարձակում է կատարվել միջազգային օդանավակայանի վրա և ավերվել է թռիչքուղին, ինչը թույլ չի տալիս իրականացնել և ընդունել միջազգային թռիչքներ և ապահովել Սիրիայի քաղաքացիների տարանցումն ու ժամանումը արտերկրից», - նշել է Լավրենտևը։

Կրեմլը քննադատում է և՛ Իսրայելի, և՛ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում, իսկ Սիրիայում հատուկ գործողություն անցկացնելու մասին Թուրքիայի նախագահի որոշումն անցանկալի է համարում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան․ «Թուրքիան սկսում է Սիրիայի հյուսիսում իրականացվող գործողության հերթական փուլը»

Էրդողանը մայիսի վերջին էր հայտարարել Սիրիայի հյուսիսում քրդական բանվորական կուսակցության դեմ նոր հատուկ գործողության մասին։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ դա կարող է տարածաշրջանում հակամարտության սրացում հրահրել։ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է ընդլայնել նախկին ստեղծած երեսուն կիլոմետրանոց անվտանգության գոտին, և դրա մեջ ներառել Եփրատի ափերի՝ այս պահին սիրիական քրդերի կողմից վերահսկվող տարածքները։

Այս կիրակի թուրքական հրետանին գնդակոծել էր Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող Սայդան և Մուալլաք գյուղերը։

Ռուսական կողմը շեշտում է, թե չնայած Ուկրաինայում ընթացող այսպես կոչված «հատուկ օպերացիային», Սիրիան մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում։

Լավրենտև Նուր-Սուլթանում այսօր մեկնարկած բանակցություններից առաջ խոսել է նաև այդ մասին. «Շատերն ասում են, թե Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի ուշադրությունը Սիրիայի նկատմամբ թուլացել է։ Եվրոպական մի շարք երկրներ ցանկանում են տեսնել Սիրիայում իրավիճակի զարգացումը ըստ իրենց օրինաչափությունների»:

Վերջին շաբաթներին տարածաշրջանի մի շարք երկրներ, մասնավորապես, Իսրայելը և Հորդանանը Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին նույնպես մտահոգություն են հայտնել Սիրիայում ռուսական ներկայության ճակատագրի վերաբերյալ։ Այս երկրները կարծում են՝ քանի դեռ Ռուսաստանն այժմ զբաղված է Ուկրաինայով, Սիրիայում կմեծանա Իրանի դերը: