Մատչելիության հղումներ

Անկարան համարում է, որ Քուրդիստանի բանվորական կուսակցությունը հարևան Իրաքը օգտագործում է որպես հիմնական հենակետ


Ըստ Անկարայի, Թուրքիայում քրդական փոքրամասնության իրավունքների համար պայքարող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK) հարևան Իրաքը որպես հիմնական հենակետ է օգտագործում:

Մինչ թուրքական զինուժը նոր ռազմական գործողություններով խոստանում է ջախջախել զինյալների հենակետը, վերլուծաբանները նախազգուշացնում են, որ քրդական խմբավորումը կարող է դիմել Իրանին, ինչը հղի է լուրջ վտանգներով ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Սիրիայում ԱՄՆ-ի զինված ուժերի համար:

Թուրքական զինված ուժերը անօդաչուների և ինքնաթիռների օգնությամբ թիրախավորում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալների Իրաքյան Քուրդիստանում գտնվող բազաները։ Տասնամյակներ շարունակ լեռնային այս շրջանը ապաստան է հանդիսացել սահմանից այն կողմ՝ Թուրքիայում քրդերի իրավունքների համար պայքարող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» համար, որտեղից էլ նրանք իրականացրել են իրենց հարձակումները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ունի Իրաքի քրդական զինված ուժերի աջակցությունը՝ թիրախավորելու Քանդիլի լեռներում PKK-ի երբեմնի անառիկ հենակետերը։

Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի նախկին հյուպատոս Այդին Սելչեն կարծում է. - «Հաշվի առնելով, որ քաղաքական գործիչները հաճախ խորհրդանշական հայտարարություններ են անում, երբ ասում են, թե Քանդիլը մեր վերջնական թիրախն է, կամ նպատակը, նկատի ունեն, որ վերջնական նպատակը առհասարակ PKK-ի գործուներությունը դադարեցնելն է»։

PKK-ի զինյալների բազաները գտնվում են Թուրքիայի հակառակորդ Իրանին սահմանակից Քանդիլի լեռներում։ Մինչ թուրքական զինուժը ահագնացնում է իր օդային հարձակումները, ըստ որոշ վերլուծաբանների՝ «Քրդական բանվորական կուսակցությունը» (PKK) կարող է ապավինել Իրանի օգնությանը։ Թեև քրդերը Իրանում ըմբոստ փոքրամասնություն են համարվում, Թեհրանը անցյալում կարողացել է ընդհանուր լեզու գտել Բանվորական կուսակցության հետ, որի ազդեցությունը տարածվում է նաև Իրաքի և Սիրիայի քրդերի վրա:

Անկարայի Արտաքին քաղաքականության ինստիտուտի նախագահ Հուսեյն Բաղջըն ասում է. - «Թեհրանը 80-ականներին և 90-ականներին շատ էր աջակցում Քրդական բանվորական կուսակցությանը։ Իսկ հիմա, երբ ռուսները այս խաղից դուրս են և ոչ այնքան հզոր, հավանաբար Իրանը կզբաղեցնի Ռուսաստանի տեղը, իսկ Քրդական բանվորական և «Ժողովրդավարական միություն» կուսակցությունները, իհարկե, կփորձեն օգտագործել որպես լծակ Թուրքիայի հետ հարաբերություններում»։

Ըստ որոշ աղբյուրների, Իրանի աջակցությունը վայելող որոշ իրաքյան զինված խմբավորումներ կապված են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) հետ:

Թուրք դիվանագետ Այդին Սելչեն կարծում է. - «Հենց Իրաքի սահմանին՝ Սենգալ Սինջար շրջանում, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ բարեկամական հարաբերություներ ունեցող խմբավորումների զինյալները, հավանաբար, միյմանց հետ պայմանավորված են գործում: Որպես իրենք գոյատևման երաշխիք՝ այս բոլոր խմբավորումներին անհրաժեշտ է իրենցից ավելի հզոր դերակատարների ու գլոբալ խաղացողների աջակցությունը, օրինակ՝ Թուրքիայի, Իրանի և ԱՄՆ-ի»:

Սիրիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ առնչություն ունեցող քրդական ուժերը համագործակցում են ամերիկացիների հետ «Դաեշի» դեմ պայքարում, իսկ Բաշար Ասադին աջակցող Թեհրանի համար ՔԲԿ-ի հետ համագործակցության խորացումը Սիրիայում ամերիկացիների ազդեցությունը թուլացնելու հնարավորություն է։

Բայց «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և Թեհրանի ցանկացած համագործակցություն ենթադրում է շրջահայաց, հավասարակշռված գործողություն:

Բոննի համալսարանի պատմության ֆակուլտետի ավագ գիտաշխատող Զաուր Գասիմովը կարծում է. - «Իմ կարծիքով, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և Թեհրանի հարաբերությունները կխորանան, կպահպանվեն, գուցե ամրապնդվեն, բայց չեմ կարող պատկերացնել, որ Թեհրանը կանցնի կարմիր գիծն ու աջակցելով PKK-ին՝ վտանգի կենթարկի իր հարաբերությունները Անկարայի հետ»:

Թուրքիայի և Իրանի հարաբերությունները հաճախ բնութագրում են և՛ մրցակցային, և՛ համագործակցային բառերով։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Իրանի տնտեսությունը, որը մեծապես կախված է Թուրքիայի հետ առևտրից, կարևոր խաղաթուղթ է, որը Էրդողանը հավանաբար կօգտագործի առաջիկա շաբաթներին Թեհրան իր այցի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG