Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին։

Ասադը Մոսկվա է ժամանել նախօրոք չհայտարարված այցով։ Նրանց հանդիպման մասին այսօր առավոտյան տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը շնորհավորել է Ասադին Սիրիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ասելով, թե չնայած անցած տարիների բոլոր բարդություններին և ողբերգություններին սիրիացիները վստահում են Ասադին ու նրա հետ են կապում նորմալ կյանքը վերականգնելու հույսերը։

Սիրիայի հիմնական խնդիրը Պուտինը համարել է օտարերկյա զինված ուժերի անօրինական ներկայությունը Սիրիայի տարածքում, որոնք, նրա խոսքերով, այնտեղ են գտնվում առանց ՄԱԿ-ի որոշման, կամ Սիրիայի կառավարության թույլտվության։ Պուտինը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ, որ երկրի զորքերին նկատի ունի։

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 25-ին։ 2000 թվականից երկիրը կառավարող 55-ամյա Բաշար ալ-Ասադը 4-րդ անգամ է նախագահ ընտրվել՝ մինչև 2028 թվականը։

Սիրիայում մեկ տասնամյակ շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով ավելի քան 400 հազար մարդ է զոհվել։

XS
SM
MD
LG