«Հուսով ենք, որ լավ խաղ կանցկացնենք». վաղը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմրցի Ուկրաինայի ընտրանու դեմ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղ Լեհաստանի Լոձ քաղաքում կմրցի Ուկրաինայի ընտրանու դեմ։ Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ուկրաինացներն իրենց տնային հանդիպումները ստիպված են չեզոք երկրում անցկացնել։

Երկու հավաքականները մինչ այս հանդիպել են 8 անգամ, Հայաստանի ընտրանին ուկրաինացիներին երբեք չի հաղթել։ Այս անգամ էլ թիմերի ճանապարհները խաչվում են Ազգերի լիգայի խաղարկությունում։ Այս մրցաշարի B դիվիզիոնում Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին Երևանում նվազագույն հաշվով հաղթեց իռլանդացիներին, 4-օր անց էլ Գլազգոյում զիջեց շոտլանդացիներին։

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր նախախաղային ասուլիսի ընթացքում ընդգծեց՝ նախորդ հանդիպումներից հետո իր սաները դեռ վերականգնվում են. - «Դեռ 24 ժամ կա, և այդ ժամանակը ամենակարևորն է ֆուտբոլիստների վերականգնման համար: Շոտլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է, և մենք բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա»:

Իսպանացի մասնագետը խոսելով մրցակցի մասին՝ շեշտեց՝ ուկրաինացները մոտիվացված են ու բարձր մակարդակ ունեն. - «Տաղանդավոր և բարձր որակներով օժտված հավաքական է, սակայն մենք վստահում ենք մեր ուժերին և հուսով ենք, որ լավ խաղ կանցկացնենք»:

Մարզական լրագրող Գևորգ Ղազարյանի կարծիքով՝ Ուկրաինայի հավաքականն այս խմբի ամենաուժեղ թիմն է, Խոակին Կապառոսի սաների համար բարդ է լինելու:

«Ես հետևել եմ և տեսել եմ՝ պաշտպանությունում համենայնդեպս այնպիսի տպավորություն չի թողնում Ուկրաինան, որ թվա, թե նա անանցանելի է և նրա դարպասը գրավել անհնար է: Այնպես որ որքան էլ սա թեևս այս խմբում ամենաբարդ մրցակիցն է, ամեն դեպքում նրա դեմ խաղալ հնարավոր է, Ուկրաինան Գերմանիա չէ, Իսպանիա չէ, Ֆրանսիա չէ», - ասաց մարզական լրագրողը:

Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայի B դիվիզիոնում խաղալու հնարավորություն ստացավ նախորդ մրցաշարում իր ենթախմբում հաղթելով։ Ի դեպ՝ թիմի վճռորոշ հանդիպումները 44-օրյա պատերազմի հետ համընկան և ինչպես Ուկրաինան հիմա, այն ժամանակ էլ հայ ֆուտբոլիստները չեզոք դաշտում էին խաղում։

Այս մրցաշարում խմբի առաջին տեղը զբաղեցրած թիմը կբարձրանա կարգով ամենաբարձր A դիվիզիոն, 4-րդ տեղում ավարտողն՝ ընդհակառակը՝ կնահանջի: Մի քանի ամիս առաջ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը խոսել էր բավականին համեստ նպատակներից՝ Ազգերի լիգայում հավաքականի նվազագույն խնդիրն է մրցաշարը վերջին հորիզոնականում չավարտել:

«Ցավոք սրտի, երկրորդ խաղը ցույց տվեց, որ շատ դեպքերում մենք անպատրաստ ենք, թե փոքր-ինչ կարգով ավելի բարձր է մրցակիցը, ինչպես օրինակ Շոտլանդիայի դեպքում տեսանք, և մեր մրցակիցը առանց լուրջ ջանքեր գործադրելու կարողացավ հաղթել մեզ: Թվում է, թե՝ այո, սա առավելագույնն է, բայց և մենք տեսնում ենք, որ մեր հավաքականն այլ դեպքերում կարող է և անակնկալներ մատուցել», - ասաց Գևորգ Ղազարյանը:

Վաղվա խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի շոտլանդացիներին՝ այդպիսով կսկսվի մրցաշարի երկրորդ շրջանը։