Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկման մասին Լավրովի հայտարարությունը կարելի է հասկանալ երկակի՝ միջանցքի թեման փակված է, կամ որ միջանցք, այնուամենայնիվ, լինելու է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, սակայն այդ միջանցքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են ռուսները, ոչ հայկական կողմը: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Արեգ Քոչինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, բայց Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող. Լավրով«Կա երկու ծայրահեղություն: Մի ծայրահեղությունը կարելի է մեկնաբանել, որ, ըստ էության, միջանցքի հարցն ընդհանրապես փակված է, և լինելու է ընդամենը կոմունիկացիաների բացում՝ այո, պարզեցված ռեժիմով, դյուրացված մաքսային վերահսկողության ռեժիմով՝ կոմունիկացիաների աշխատանքը հնարավորինս պարզ կազմակերպելու համար: Մյուս ծայրահեղությունը այն է, որ դա հենց միջանցքային տրամաբանությունն է», - ասաց Քոչինյանը:
Ինչպես ընդգծեց վերլուծաբանը, «ֆալշ կա այն տրամաբանության մեջ, որով որ պարտադիր կերպով կապվում է միջանցքային տրամաբանությունը արտատարածքայնության հետ, որովհետև, այո, տարածքների փոփոխություն կարող է և չլինել, սակայն լինել միջանցքային տրամաբանություն. [...] ճանապարհները, այդ ամեն ինչը կարող է հենց լինել Հայաստանի ինքնիշխան տարածքի ներքո, բայց այդ ճանապարհների արդյունավետ վերահսկողությունը, մաքսային վերահսկողությունը լինի ոչ Հայաստանինը, և դա ֆունկցիոնալ իմաստով կլինի միջանցք, սակայն կշարունակի համարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան, հակառակի մասին շահարկումն ափսոսանք է հարուցում. ԵՄ«Հիմա թե այս ծայրահեղություններից դեպի որ կողմ է գտնվում իրողությունը՝ ասել շատ դժվար է, որովհետև Լավրովի հայտարարությունից մեկնաբանել կարելի է և՛ նա, և՛ նա: Սակայն աշխարհաքաղաքական գործընթացները և ներկայումս ըստ էության գոյություն ունեցող միակ կետը, որ թղթին հանձնված է, դա նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետն է, որտեղ գրված է, որ վերահսկողությունը ճանապարհի լինելու է ռուսական հատուկ ծառայությունների կողմից, մեզ կարծես թե ավելի շատ հակում է դեպի այդ ֆունկցիոնալ միջանցքի կողմը», - ընդգծեց վերլուծաբանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունըԵրեկ Երևանում՝ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող։
Սերգեյ Լավրովը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ է նշանակում «պարզեցված ռեժիմ»: Արդյո՞ք ադրբեջանական բեռնատարները, ուղևորափոխադրումները անցնելու են հայաստանյան մաքսային, անձնագրային ստուգում։ Հայտնի չէ նաև՝ եթե Ադրբեջանը «պարզեցված ռեժիմով» է մուտք ունենալու դեպի Նախիջևան, արդյո՞ք նույն՝ պարզեցված ռեժմիով Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվելու է Իրանի կամ Ռուսաստանի հետ։ Կամ արդյո՞ք Սյունիքով անցնող ճանապարհների պարզեցված ռեժիմը հավասարեցվել է Լաչինի միջանցքի ներկայիս ռեժիմին, որով Հայաստանը կապվում է Լեռնային Ղարաբաղին։
Այս հարցերին չանդրադարձավ նաև Արարատ Միրզոյանը։