Հայկ Խանումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

44-օրյա պատերազմից հետո Արցախի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Նախարարի պաշտոնը արդեն տարիուկես զբաղեցնող Խանումյանը համաձայն չէ իրավապահների առաջ քաշած վարկածի հետ, թե ինքը պաշտոնական անփութություն է դրսևորել և շուրջ 70 միլիոն դրամի վնաս պատճառել։

Խանումյանը հրաժարվեց հարցազրույցից ու այլ մանրամասներ փոխանցելուց։

Գործը հսկող դատախազ Ալիկ Ստեփանյանը, մինչդեռ, պնդում է, որ նախարարը չի կատարել իր իսկ պարտականությունները. - «Խոսքը վերաբերում էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետությունից տեղահանված, անօթևան մնացած բնակիչներին հյուրանոցայի ծառայությունների և սննդի մատակարարման ոլորտին»։

Պատերազմից հետո Արցախի իրավապահները սկսեցին քննել, թե արդյո՞ք Խանումյանի ղեկավարած գերատեսչությունը պատշաճ է վերահսկել տուն ու տեղ կորցրած անօթևաններին ժամանակավոր կացարան տրամադրելու, նրանց սնունդ մատակարարելու գործընթացները։

«Հայկ Խանումյանը, որպես նախարար, անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել, ծառայության նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, ոչ-պատշաճ է կատարել համապատասխան իրավական ակտերով և իմ կողմից նշված պայմանագրերով նախատեսված պարտականությունները», - թվարկեց դատախազը։

Հայտնաբերված թերությունները, ըստ դատախազի, նախարար Խանումյանը պայմանավորել է մեծածավալ աշխատանքով։ Դատախազ Ստեփանյանն ընդգծում է նաև, որ կատարված աշխատանքի փաստաթղթերը Խանումյանը չի ստուգել, այնինչ դրանցում կեղծ տեղեկություններ են նշվել. - «Մատուցված ծառայության քանակի վերաբերյալ կեղծ տեղեկությունները չեն բացահայտվել, դրանք առանց ստուգման ընդունվել են Հակ Խանումյանի ստորագրությամբ, ու պետության կողմից ծառայությունները մատուցողներին, այսինքն՝ ըստ պայմանագրի կատարողներին վճարում է կատարվել իրականում չմատուցված ծառայության դիմաց, ինչի հետևանքով պետական բյուջեից տվ յալ անձանց ավել է վճարվել այս պահին քննությամբ պարզված առանձնապես խոշոր չափ կազմող 69 միլիոն 485 հազար ՀՀ դրամի գումար»։

Արդյո՞ք հարուցված քրեական գործը կարող է Խանումյանին պաշտոնանկ անելու պատճառ դառնալ։ Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը փակագծեր չբացեց, միայն ասաց՝ եթե նման որոշում լինի, այն կհրապարակվի։

Իսկ դատախազ Ալիկ Ստեփանյանն ասաց՝ այս հարցը քննարկել են մեղադրանքն առաջադրելիս, բայց դեռ որոշում չունեն. - «Մեղադրանք առաջադրելու պահին քննարկվել է, և հետագայում էլ կաշկանդված չենք էդ հարցը քննարկելուց։ Այս պահին որոշում չկա։ Նույնիսկ նշեմ, որ համապատասխան հիմքեր են պետք։ Հիմքեր կան թե չկան, թույլ տվեք էս պահին ձեռնպահ մնամ»։

Խանումյանին առաջադրված հոդվածով նախատեսված է առավելագույնը 5 տարվա ազատազրկում։

Բացի այս գործից, Արցախի իրավապահները քննում են նաև հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած մի շարք՝ սոցիալական ոլորտին առնչվող հանցագործություններ։ Ըստ Արցախի դատախազության պաշտոնական կայքէջի, դրանցից մեկով 52 միլիոն դրամ է հափշտակվել պետությունից։ Կառավարությունը գումարը հատկացրել էր մասնավոր մի ընկերության, որ սահմանամերձ դարձած Մաճկալաշենում պատերազմից տուժածների ընտանիքների համար աշխատատեղեր բացվեն։ Պետության միջոցներով գյուղում պետք է թռչնաբուծարան կառուցվեր, ինչը, սակայն, չի արվել։ Ընկերության տնօրենը կալանավորված է։

Մեկ այլ քրեական գործով էլ Արցախի բյուջեից շուրջ 48 միլիոն դրամի սոցիալական օգնություն է վճարվել 159 քաղաքացու, որոնք, սակայն, ըստ կառավարության, շահառու չէին։ 300 հազարական դրամը ապօրինի ստացածների մի մասը գումարը արդեն վերադարձրել է։ Իրավապահները չեն հաղորդում, թե սոցիալական օգնության չարաշահման այս գործով քանի պաշտոնյա է մեղադրվում։