«Ազատության» զրուցակիցն Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն է:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
«Ազատություն». -100 օր է անցել, ինչ պաշտոնավարում է Արցախի նոր նախագահը, ինչ Արցախն ունի նոր վարչակազմ: Այս ընթացքում ի՞նչ է փոխվել Լեռնային Ղարաբաղում:
Հայկ Խանումյան. – Էականորեն ոչ մի բան չի փոխվել, ավելին` մի շարք մտահոգություններ, որ մենք ունեինք, ավելի են խորացել: Մենք տարիներ շարունակ քննադատում էինք, որ Արցախում բյուրոկրատիան բավականին մեծ է, ուռճացված է և այլն, և մենք ականատես ենք եղել այս 100 օրվա ընթացքում այդ բյուրոկրատիայի էլ ավելի մեծացմանը: Դրա իմաստն ու նպատակը երևի այն էր, որ Արայիկ Հարությունյանն իր կողմնակիցներին պետք էր ինչ-որ կաբինետներում տեղավորի, Սամվել Բաբայանի` իր կոալիցիոն գործընկերոջ կողմնակիցներին պետք էր տեղավորի, պետական նոր մարմիններ են ստեղծվել բարձր աշխատավարձերով: Եվ վախենամ` շուտով Ստեփանակերտում էլ ազատ հյուրանոց չի մնա, որովհետև որոշ պետական մարմիններ հյուրանոցներում են տեղավորված:
«Ազատություն». – Օրինակ` որո՞նք:
Հայկ Խանումյան. – Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, որ այսօր զբաղեցնում է «Երևան» հյուրանոցի տարածքը:
«Ազատություն». – Այսինքն` պետությունը վճարո՞ւմ է այդ համարների համար:
Հայկ Խանումյան. – Չգիտեմ` վճարում է, չի վճարում, կարծեմ, դա չի վճարում, Արայիկ Հարությունյանին պատկանող հյուրանոցն է: Կամ ենթադրենք, դեռ 15 թվականից «Արմենիա» հյուրանոցի մի մասը զբաղեցնում է Ազգային ժողովը և վճարում է բավականին լուրջ գումար 10 զբաղեցվող սենյակների համար: Հետևաբար, այդ բյուրոկրատիայի մեծացումը ենթադրում է ոչ միայն համեմատաբար բարձր աշխատավարձեր այդ ոլորտում, նաև որոշակի շենքային պայմանների ապահովում, այլ ծախսեր և այլն, ինչը մեծ բեռ է Արցախի պետական բյուջեի համար: Բացի պետական բյուջեի համար մեծ բեռ լինելուց, այն նաև զբաղեցնում է բազմաթիվ կադրերի, այսպես ասած` սակավամարդ Արցախում մեր տնտեսությունն աշխատող ձեռքերի, մտածող մարդկանց կարիք ունի, և այդ մարդկանց փոխանակ իրական տնտեսության կարիքներին ծառայեցնելու` ներսում տանում են, տեղավորում են ինչ-որ կաբինետներում` սուրճ ու թեյ խմելու: Քիչ արդյունավետ ու բավականին թանկարժեք բյուրոկրատիա է, սա լրջագույն խնդիր է:
Մի շարք այլ ուղղություններ նույնպես կան. վերջին 100 օրվա ակտիվացել են կապիտալ ծախսերի ուղղությամբ կատարվող գործողությունները և անընդհատ դա որպես գովազդային տեսահոլովակներ ներկայացվում են Արցախի Հանրային հեռուստատեսությամբ, այլ տեղերում` նախագահի գովքը անող այլ միջոցներով, բայց պետք է նկատել, որ այն հնարավորությունները, որոնք կան, և որոնք օգտագործվում են, օրինակ` Հայաստանից եկող միջպետական վարկի ավելացումը` տարբեր այլ հնարավորություններով պայմանավորված, զգալիորեն քիչ են:
Մենք տարիներ շարունակ պնդել ենք, որ կապիտալ ծախսերը պետք է ավելացնել բյուջեում, ենթակառուցվածքներին ուղղվող գումարները պետք է մեծացնեն, և այսօր Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ տարեկան 80 կիլոմետր ճանապարհ են կառուցելու: Դա բավականին փոքր թիվ է եղած կարիքների համեմատ, մենք առնվազն 1000 կիլոմետր որակյալ ճանապարհի կարիք ունենք, և դա հնարավոր է առաջիկա 5 տարում կառուցել` հաշվի առնելով բյուջեի հնարավորությունները, սպասվող ավելացումները և այլ մուտքեր: Հետևաբար ինչ-որ բան արվում է, բայց դա այն ծավալը չէ, որը կարող է որակյալ զարգացում ապահովել Արցախի համար, և ես խիստ կասկածներ ունեմ, որ աննախադեպ հնարավորություններ, ի դեպ, կան, այդ աննախադեպ հնարավորությունների զգալի մասը մսխվելու է:
Մեզ համար անհասկանալի են նաև կրթության որակի բարձրացման ուղղությամբ կատարվող քայլերը, դրանք հիմնականում տեղավորվում են ինչ-որ սոցիալական խնդիր լուծելու հարցի շուրջ, ինչ-որ ուսանողների վարձի փոխհատուցում և այլն, որը բնականաբար չի բերելու որակի բարձրացմանը: Մի խոսքով, ընդհանուր առմամբ շարժ կա, բայց շարժը պայմանավորված է աննախադեպ մեծ գումարներով ու հնարավորություններով, որոնք այսօր Արցախ կան շնորհիվ նաև հայաստանյան նոր իշխանությունների, և որոնք, մեր կարծիքով, այնքան էլ արդյունավետ չեն ծախսվում և ընդհանուր երկարաժամկետ կտրվածքով լուրջ խնդիրներ են ստեղծելու տարբեր ոլորտներում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.