Սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցը առաջ քաշելու համար, խորհրդարանում հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ գործընթաց, որը ենթադրում է տեսանելի ապագայում ավելի հեշտացված ռեժիմ ունենալ։
Դեռ վեց տարի առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, թե մոտ ժամանակներում Հայաստանն և Եվրամիությունը կհասնեն վիզաների ազատականացմանը։ Դա նախատեսված է նաև Եվրամիության հետ 2017-ին Հայաստանի կնքած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Վիզաների ազատականացման հարցում տարիներ շարունակ, սակայն, էական առաջընթաց չի արձանագրվում։
«Եվրոպական կողմը հավաստիացրել է, որ Եվրոպական հանձնաժողովն իր կողմից կարծես պատրաստակամ է, և հարցը գտնվում է անդամ երկրների տիրույթում։ Մի շարք անդամ երկրներում տեղի են ունեցել խորհրդարանական և նախագահական ընտրություններ և հարցը նպատակահարմար չէր բարձրացնել այդ ընթացքում։ Մենք մշտապես պահում ենք այդ հարցը մեր օրակարգում Եվրամիության հետ», - ասաց Հովհաննիսյանը։
Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը որոշեց փակագծեր բացել։ Արման Եղոյանը ձգձգման պատճառների մեջ նաև ուկրաինական ճգնաժամը նշեց։
«Կապված նաև, ինչու չէ, ուկրաինական ճգնաժամի հետ․ որոշ անդամ երկրներ մտավախություն ունեն, որ վիզաների ազատականացմամբ, էլ ավելի կմեծանա անօրինական ներգաղթը, կամ օրինական ներգաղթը իրենց երկիր։ Մեկ-երկու երկրներ որոշակի մտահոգություն ունեն էս առումով, իսկ, ինչպես գիտեք, բոլոր 27 երկրների համաձայնությունն է պետք այս որոշման կայացման համար։ Բայց, այնուամենայնիվ, վերջին երեք տարիներին Հայաստանից դեպի Եվրամիություն ապաստան հայցողների թիվը կայուն իջնում է՝ ամեն տարի մոտ 30 տոկոսով իջնում է, սա, կարծում եմ, շատ էական փաստարկ է մեր գործընկերներին համոզելու համար, որ ինչքան էլ որ լինի այդ թիվը Հայաստանից՝ մնա նույնը, իջնի, կամ նույնիսկ թեթևակի աճի, ինչի օրինակը մենք տեսնում ենք ազատականացված ռեժիմով երկրների դեպքում առաջին տարիներին, Հայաստանի դեպքում դա այն թիվը չի լինի, որը որ արժի որ նման մտահոգություններ հարուցի այդ երկրներում։ Այդ առումով, կարծում եմ, մենք՝ խորհրդարանականներս, նաև գործադիրը որոշակի լոբբինգի, այսպես ասեմ, համոզելու կարիք ունենք իրենց», - ասաց Եղոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վիզաների ազատականացումը մեր օրակարգի ամենակարևոր և սկզբունքային հարցերից է». Զոհրաբ Մնացականյան