Նման հայտարարություն այսօր Երևանում արեց Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը․ - «Չէի ասի, թե Եվրամիությունը ընդհանրապես պատրաստ չէ Հայաստանի հետ բանակցություններ սկսել վիզաների ազատականացման շուրջ: Նման բանակցություններ սկսելու համար հարկավոր է Եվրամիության անդամ պետությունների կոնսենսուսային որոշումը: Եվրամիության անդամ երկրները խնդիր ունեն Հայաստանի հետ: Փոխնախարարը շատ լավ գիտի, թե ինչի մասին է խոսքը, և այս հարցի հետ կապված հարկավոր է ստանալ Երևանի հավաստիացումը, որ հարցը կլուծվի: Սա Հայաստանի դեմ չէ, այլ օբյեկտիվ խնդիր է: Խնդիրը վերաբերում է Եվրամիության երկրներում թույլատրված ժամանակահատվածից երկար մնալուն: Հայաստանը միակ երկիրը չէ, որին առնչվում է այս խնդիրը: Օրինակ, կա մի երկիր, որի հետ մենք ունենք վիզաների ազատականացված համակարգ, որը հետ խնդիր ունենք, և այդ խնդիրները քննարկվեցին: Սա աշխատանք է, որը պահանջում է ոստիկանության ներգրավվածություն, տեղեկատվության փոխանակում, ոստիկանությունների համագործակցություն: Սա քաղաքական հարց չէ, այլ գործնական: Վստահ եմ, երբ պայմանները բավարարվեն, երբ մենք խնդիր չենք ունենա ապաստան հայցողների հետ, որոշումը դրական կլինի, և նախկինում այսպիսի օրինակներ ունենք»:
Երևանում հրավիրված ասուլիսը՝ Հայաստանի ու Եվրամիության պաշտոնյանների մասնակցությամբ, նվիրված էր Երևանի ու Բրյուսելի միջև երկու տարի երկու օր առաջ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որն, ինչպես այսօր պարզվեց, արդեն վավերացրել են Եվրամիության 17 անդամ-երկրներ: Այն վավերացրել է նաև Հայաստանը:
Փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը իր խոսքում նշեց, որ Հայաստանի կառավարությունը երկկողմ աշխատանք է տանում Եվրամիության անդամ երկրների հետ՝ ձգտելով հասկանալ վիզաների ազատականացման բանակցություններին վերաբերող խնդիրները և լուծում տալ․ - «Շուտով կարծեմ Լեհաստանն է հերթի մեջ: Եվ մենք ինքներս մեծ և անկեղծ ցանկություն ունենալով՝ փորձում ենք հասկանալ, եթե կան խնդիրներ, հասկանալ այդ խնդիրները և համատեղ փորձել գտնել այն անհրաժեշտ մեխանիզմներն ու ինստրումենտները, որ կկարգավորեն եղած խնդիրները»:
Հայաստան - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: