Դավիթ Տոնոյանը առաջին անգամ հնարավորություն ունեցավ խոսել տեսախցիկների առջև

Դավիթ Տոնոյան, արխիվ։

Շուրջ 9 ամիս անազատության մեջ պահվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր առաջին անգամ դատարանում տեսախցիկների առջև ելույթ ունեցավ։

Անպիտան հրթիռների գործը քննող դատավորը թույլ տվեց նիստի մի հատվածը դռնբաց անցկացնել։

«Հարգելի դատարան, ես միջնորդում եմ, խնդրում եմ ձեզ, ուղղակի խնդրում եմ, որպեսզի դուք մեղադրող կողմին հարցում կատարեք՝ ներկայացնել մեկ նմուշ պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ»։

2018-ից մինչ 44-օրյա պատերազմի ավարտը պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Տոնոյանն ու բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն մեղադրվում են շուրջ 4,7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Ըստ մեղադրող կողմի, 2018 թվականին բանակի համար ձեռք են բերվել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներն, որոնք հնարավոր չի եղել կիրառել պատերազմի ընթացքում։ Հենց այդ գործարքի հետևանքով պետությունը միլիոնավոր դոլարների վնաս է կրել։

Գործի քննությունը մինչ այս դռնփակ ռեժիմով էր անցկացվում, պաշտպանական կողմն այս ամբողջ ընթացքւմ հրապարակային դատավարություն էր պահանջում՝ պնդելով, որ այս քրեական գործը պետական գաղտնիքներ չի պարունակում։

Այսօր ի վերջո դատարանը պաշտպանական կողմին թույլատրեց իրենց միջնորդությունները հրապարակային ներկայացնել՝ լրագրողների ներկայությամբ։ Փաստաբանները նախապես հայտարարել էին՝ ունեն ապացույցներ, որ հրթիռները ժամկետանց չեն եղել։ Նրանք այսօր մի քանի փաստաթուղթ հրապարակեցին։

Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը ներկայացրեց Զինված ուժերի գլխավոր շտաբից ստացված մի գրություն, որի համաձայն զինված ուժերի ավիացիայի վարչությունում այս հրթիռների տեխնիկական վիճակը սահմանող իրավական ակտեր չկան. - «Այսինքն՝ մեր զինված ուժերում որևէ նորմատիվ ակտ չկա, որ կսահմանի հրթիռների տեխնիկական վիճակը։ Մինչդեռ մարդկանց մեղադրանք է առաջադրվում այն բանի համար, որ տեխնիկական վիճակին չհամապատասխանող հրթիռներ են ձեռք բերվել»։

Պաշտպանական կողմի ներկայացրած մյուս փաստաթղթերի համաձայն, Ռուսաստանից ձեռք բերված այս հրթիռների ժամկետը 2013 թվականին ՌԴ ռազմաօդային ուժերում 30 տարով երկարաձգվել է։ Սա, ըստ փաստաբանների, հերքում է մեղադրանքի այն մասը, թե հրթիռների ժամկետը լրացած է եղել։

Փաստաբանները հարցում են ուղարկել նաև այս հրթիռները նախագծած ընկերություն, որտեղից, ըստ պաշտպանական կողմի, հերքել են այն պնդումը, թե հրթիռների քաշն ու երկարությունը ստանդարտներին չեն համապատասխանել։

Մեղադրող կողմն արձագանքեց՝ միթե՞ պաշտպանների ներկայացրած փաստաթղթերը պետական գաղտնիք չեն պարունակում. - «Եթե դատարանի համար զինված ուժերի սպառազինության համալրումը չի հանդիսանում պետական գաղտնիք, և ի լուր աշխարհի հայտարարում ենք, թե մեր երկրի ռազմամթերքը որ ընկերությունից ա ձեռք բերվում, ով ա մատակարար հանդիսանում...»

Այս ամենից հետո դատարանը կրկին անցավ դռնփակ քննության։ լրագրողները չկարողացան նիստի շարունակությանը հետևել։

Ավելի ուշ Տոնոյանի փաստաբանը «Ազատությանը» փոխանցեց, թե դատավորը իրենց ներկայացրած փաստաթղթերը կցել է գործին։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղական Ստեփան Գասլտյանը ու ևս երեք անձ։

Շուրջ երեք ամիս առաջ վերաքննիչ դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին։ Ազատության մեջ է նաև գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար, որը ծանր նյութական հետևանքներ է առաջացրել։

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը փոխելու բոլոր միջնորդությունները, սակայն, այս ընթացքում մերժվել են։