Մատչելիության հղումներ

Տոնոյանը և «անպիտան հրթիռների» գործով ևս երեք մեղադրյալներ կմնան կալանքի տակ


Ձախից աջ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյան, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյան, արխիվային լուսանկար։
Ձախից աջ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյան, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյան, արխիվային լուսանկար։

Դատարանը այսօր որոշեց գրավի դիմաց ազատ արձակել միայն Ավիացիոն սպառազինության պետ Արտյոմ Համբարյանին։

Առանձնապես խոշոր չափերի յուրացման համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և «անպիտան հրթիռների» գործով ևս երեք մեղադրյալներ կմնան կալանքի տակ։

Դատարանը այսօր որոշեց ազատ արձակել միայն Ավիացիոն սպառազինության պետ Արտյոմ Համբարյանին՝ 5 մլն դրամ գրավի դիմաց։ Համբարյանի լիազորությունները կասեցված են։

Պաշտպանության նախկին նախարարից բացի, կալանքի տակ կշարունակեն մնալ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, բանակին հրթիռներ մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Ազատության մեջ է պաշտոնական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Գլխավոր շտաբի գործող պետ Արտակ Դավթյանը և ևս մեկ զինվորական՝ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը։

Չնայած պաշտպանական կողմի պահանջին, նիստը շարունակում է անցնել դռնփակ, և լրագրողները մեղադրող կողմի տեսակետը լսելու հնարավորությունից զրկված են:

Պաշտպանության նախկին նախարարի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը թեև դեռ չէր ծանոթացել 48 էջից բաղկացած որոշմանը, բայց դատական նիստից անմիջապես հետո պնդեց, որ այստեղ չի կարող լինեն տրամաբանության մեջ տեղավորվող հիմնավորում. - «Ենթադրում եմ, որ պետք է ամբողջական մոտեցում ցուցաբերված լինի, քանի որ հենց դատախազության դիրքորոշումն էլ ընդհանրական էր, որևէ կոնկրետ հիմնավորում, պատճառաբանություն որևէ մեկի մասով չի ներկայացվել։ Կծանոթանանք, կտեսնենք, շատ կարճ ժամկետում վերաքննիչ բողոք կներկայացնենք»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինեն Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էին անձնական երաշխավորությամբ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրել: Դատարանը փաստորեն հաշվի չառավ այս հանգամանքը։

«Իրավաբանություն այս գործում չկա»

Իրավաբանություն այս գործում չկա. այս կարծիքին են կալանքի տակ մնացած բոլոր մեղադրյալների պաշտպանները։

«Ազատության» հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ են տեսնում, զենքի մատակարար Դավիթ Գալաստյանի փաստաբան Արմեն Հարությունյանն ակնարկեց՝ հաշվի առնելով, թե ինչ բարձրաստիճան պաշտոնյաներ են այս գործով անցնում, բացառել չի կարող. - «Թե քաղաքական որոշում է սա, թե ոչ քաղաքական այլ շրջանակների ազդեցության որոշում ա, ես այս պահին զերծ կմնամ զերծ կմնամ որևէ գնահատական տալուց։ Թեև բոլորս հասկանում ենք, որ այս գործով անցնում է նաև քաղաքական դեմք և չենք բացառում, որ նաև այդ ազդեցությունը լինի»։

Գլխավոր դատախազության հաղորդմամբ, 2018 թվականին բանակի համար ձեռքբերված ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներ են քրեական գործի հարուցման պատճառ դարձել։

Իրավապահները հայտնում են, որ այդ գործարքի հետևանքով առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4,6 միլիոն դոլարի հափշտակություն է կատարվել։ Մեղադրյալների պաշտպանները հակառակն են պնդում՝ չկա որևէ ապացույց, որ հրթիռներն անպիտան են եղել։ Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանում։

XS
SM
MD
LG