Մատչելիության հղումներ

ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը պաշտոնանկ է արվել․ պատճառը նրա դեմ հարուցված քրեական գործն է


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, վարչապետի առաջարկությամբ, պաշտոնանկ է արվել։ Հրամանագիրը հրապարակվել էր երեկ` նախագահի պաշտոնական կայքէջում։ Փաստաթղթում նշված է, որ Գալստյանը հեռացվել է պաշտոնից` նրա նկատմամբ հարուցված քրեական գործի պատճառով։

Գալստյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականից։ Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ նա անցնում է անպիտան հրիթռների քրեական գործով։ Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան պաշտոնյային։ Փաստաբան Օնիկ Առաքելյանը հրաժարվեց որևէ հավելյալ մեկնաբանություն տրամադրելուց։

Արդեն նախկին բարձրաստիճան զինվորականը երկու ամսից ավելի է՝ կալանավորված է։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ 2018-ից 2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Տոնոյանը ևս 2 ամսից ավելի է՝ կալանավայրում է։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 4.7 միլիոն դոլար գումարի յուրացման համար։ Տոնոյանի կալանքի ժամկետը վերջրերս երկարացվեց։ Նրա պաշտպանները առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկում են Վերաքննիչ քրեական դատարանում։ Այսօր տեղի կունենա բողոքարկման նիստը։

«Վերլուծելով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ եկել ենք այն եզրահանգման, որ այն ամբողջությամբ անհիմն է և դրա հիմքում չկան որևէ փաստական տվյալներ։ Առհասարակ Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելը քննության այս փուլում կամայական բնույթ է կրում, ինչպես նաև, զուտ իրավական առումով, պետք է նշեմ, որ քրեական գործում առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ կարող է խոսել Դավիթ Տոնոյանի առնչության մասին իրեն մեղսագրվող արարքին», - ասաց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Փաստաբանը պնդում է՝ որևէ հիմք չկա Տոնոյանին կալանքի տակ պահելու համար։ Քրեական գործի հարուցման պատճառ դարձած հրիթռներն, ասում է, փորձաքննություն չեն անցել, միայն դատատեխնիկական քննություն են անցել։

«Գործի համար էական նշանակություն ունեցող տվյալներ այդպես էլ չպարզվեցին նույն այդ որակի վերաբերյալ, իսկ դատատեխնիկական փորձաքննության եզրակացությամբ, ընդամենը հարցադրումներ են կատարվել դրանց տեխնիկական բնութագրին համապատասխանելու-չհամապատասխանելու, չափերի, զանգվածի, դրանց վրա առկա գրառումների, հրթիռների տեսակի և այլնի մասին, որոնք որ նույնիսկ առանց փորձագետի մասնակցության հնարավոր է այդ ամենը ճշտել», - ասաց Հովհաննիսյանը։

Այդ հրիթռներն, ըստ Ազգային անվտանգության ծառայության, Հայաստան են ներկվել 2011-ին և մատակարարումից որոշ ժամանակ անց դրանց մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հրթիռների ներկրման ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ իր ղեկավարման օրոք հրթիռները միայն ներկրվել են, անպիտան լինելու պատճառով, չեն գնվել։

Բանակին անպիտան հրթիռներ գնելու գործով անցնում են Զինված ուժերին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը, Զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը:

XS
SM
MD
LG