Արթուր Խաչատրյանը՝ կառավարական ամառանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին

«Որևէ պարագայում որևէ շենք մտնելու ցանկություն երբեք չի եղել», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում անդրադառնալով կառավարական ամառանոցի մոտ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

Ուրբաթ օրը ոստիկաններն ու ցուցարարներն ընդհարվեցին, երբ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Արցախի հարցով տապալված արտահերթ նիստից հետո հայտարարեց, որ իրենք պետք է շարժվեն Ազգային ժողով։ Մինչ այդ ընդդիմադիրները եղել էին կառավարության շենքի մոտ, ապա շարժվել դեպի կառավարական առանձնատներ։ Սաղաթելյանը այստեղ ոստիկաններին կոչ արեց՝ բացել հարակից Դեմիրճյան փողոցը, ցույցի մասնակից կանանց, աղջիկներին էլ՝ մի կողմ գնալ։

Անդրադառնալով այն հարցին, որ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում ուրբաթ օրը տեղի ունեցած բախումների համար, Խաչատրյանը նշեց՝ իր համար շատ զարմանալի է, որ ասում են՝ տուժողների մեծ մասը ոստիկաններ են:

«Հաջորդ առավոտյան պրոֆեսոր Չարչյանը պատգամավոր և ես այցելեցինք որոշ հիվանդանոցներ, խոսեցինք նաև բժշկական անձնակազմի հետ, և ամեն տեղ մեծամասնությունը եղել են քաղաքացիական անձինք: Այն անձինք, ովքեր վնասվել են, բայց կյանքին վտանգ սպառնացող չի, ինչպես այն երիտասարդը, որը պառկած է Հերացու հիվանդանոցում և ծանր վիրահատություն է արել, որովհետև ոստիկանն իրեն սադիստ թուրքի նման է պահել, շատերին ուղղակի քաղաքացիները փախցրել են ոստիկաններից, որովհետև հերոս ոստիկանները չէին նայում՝ այնտեղ վիրավոր մարդ ընկած է, թե չէ, դա ֆիքսենք երկրորդը: Եվ երրորդը՝ չմոռանանք, որ ոստիկանները երբ կրակեցին լուսաձայնային նռնակները, առաջին նռնակը պայթեց հենց ոստիկանների ոտքի վրա, իրենց մոտ, այսինքն իրենք իրար վրա են կրակել: Դա բոլորն են տեսել, որ ոստիկանների վրա կրակեցին ոստիկանները, դիտավորյալ են արել, իհարկե», - նշեց նա:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ իրենք սադրելու նպատակ չունեին. «Ինչո՞ւ պետք է սադրեինք»:

«Իշխանն ասաց՝ բացեք, Դեմիրճյանով գնում ենք Ազգային ժողով, հետո պետք է շարունակեինք ներքև դեպի Ֆրանսիայի հրապարակ: Գնալ Ազգային ժողովի շենքի մեջ իմաստ չունի, որովհետև եթե ուզեինք, էդ շենք մուտք անելու փորձ կարվեր ավելի շուտ, ժամը 8-8:30, երբ շենքում մարդ չկա, գնաս ի՞նչ անես, որևէ պարագայում որևէ շենք մտնելու ցանկություն երբեք չի եղել», - ներկայացրեց Խաչատրյանը:

Նա պնդեց, որ ցուցարարների կողմից չի եղել սադրանք, այլ «ոստիկանության կողմից է եղել»:

«Սադրանքը եղավ ոստիկանների կողմից, որպեսզի ուժ կիրառեն և մարդկանց ցրեն, չգիտեմ ով է քար գցել առաջինը, բայց գիտեմ, որ ցուցարարների մեջ քաղաքացիական համազգեստով բազմաթիվ ոստիկաններ կային», - ընդգծեց Խաչատրյանը: