Մայիսի 30-ին Կառավարության 3-րդ շենքի դիմաց տեղի ունեցած դեպքով կասկածյալ, մեղադրյալ ոստիկաններ չկան, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից։
Կոմիտեից նաև ասացին, որ 2 ծառայողական քննություն է իրականացվում, 7 ուսումնասիրություն։
Մայիսի 30-ի դեպքերով գործը հարուցվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու հատկանիշով։ Երեկ էլ հաղորդվեց, որ երեք քաղաքացու մեղադրանք է առաջադրվել, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Երեք մեղադրյալներից մեկը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն է, մյուսը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գնահատմամբ, այդ օրը ոստիկանների կողմից նաև անհամաչափ ուժ է կիրառվել ցուցարարների նկատմամբ։ Պաշտպանն այսօր «Ազատությանն» ասաց, որ դիմել է ոստիկանություն՝ պարզելու, թե կոնկրետ ներկայացված փաստերով ոստիկանության ծառայողների նկատմամբ ինչ գործընթացներ են սկսվում՝ պահանջելով նաև պատշաճ իրավական գնահատական։
Մայիսի 30-ին ընդդիմությունն իր ակցիաները կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ էր անցկացնում։ Ոստիակնները մեծ թվով ուժեր էին կենտրոնացրել այնտեղ։ Օրվա ընթացքում երկու անգամ բախում տեղի ունեցավ։ Ոստիկանները թույլ չտվեցին ընդդիմադիր պատգամավորներին ներս մտնել Կառավարության շենք, ուժի գործադրմամբ քաղաքացիներին բերման ենթարկեցին, հրմշտոցի ընթացքում մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ:
Ընդդիմության ակցիաներին մասնակցող Արթուր Ազիզյանն «Ազատությանն» ասել էր, որ կառավարության 3-րդ մասնաշենքի ներսում ոստիկանները իրեն ծեծի են ենթարկել։ Պատմեց, որ հետո իրեն տարել են ոստիկանություն, ինքը բժշկական օգնություն է խնդրել, կես ժամ անց միայն, ըստ նրա, տեղափոխել են հիվանդանոց։ Բժշկի տեղեկացմամբ՝ ունի կողերի կոտրվածք, կապտուկներ, հարվածներ է ստացել նաև գլխի շրջանում։
Այդ օրը ոստիկաններն ուժ գործադրեցին նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Տուժածներ կան նաև ոստիկանների թվում: