Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հաստատել է՝ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան չեն համաձայնեցրել նախարար Սերգեյ Լավրովի օդանավի թռիչքի թույլտվությունը։ Լավրովը այս երկրների օդային տարածքով ծրագրված այցով պետք է հասներ Սերբիա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական երեք երկրներ փակել են իրենց օդային տարածքը Լավրովի օդանավի համարՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ «երկաթե վարագույր» ստեղծել, դա անում է Եվրամիությունը։
«Երկաթե վարագույր չի լինի, համենայն դեպս՝ մեր կողմից, պետք չէ անհանգստանալ, Եվրամիությունն է, որը շրջապատում է Ռուսաստանը վարագույրով: Ձեր սխալն այն է, որ չափից դուրս եսասեր եք, կարծում եք, թե աշխարհի կենտրոնում եք, թե ձեզնից բացի այլ ազգեր աշխարհում չկան։ Դուք ինչ -որ մեկին դաս տալու բարոյական իրավունք չունեք», - երեկ երեկոյան հայտարարել է Զախարովան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուլղարիան, Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան արգելել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին հատել իրենց օդային տարածքը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր Սերգեյ Լավրովի Բելգրադ այցի չեղարկման կապակցությամբ կդիմի ժողովրդին։
Երեկ այդ երկրի վարչապետ Լ Անա Բռնաբիչն ասել էր, թե Ռուսաստանի արտգործնախարարի այցի հետ կապված իրավիճակը բացառիկ բարդ է։ Նրա խոսքով՝ նախագահ Վուչիչը ստիպված է եղել անձամբ զբաղվել ծագած դժվարություններով և լոգիստիկ հարցերով: Վուչիչը Լավրովի այցի հարցով խոսել է ԱՄՆ, Եվրամիության և Գերմանիայի ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ Սերբիայի ղեկավարը հայտարարել էր, թե Լավրովի Բելգրադ այցի նախապատրաստական աշխատանքները գնալով ավելի են բարդանում, այդ թվում՝ հունիսի 10-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Սերբիա կատարելիք այցի պատճառով։ Վուչիչը նույնիսկ խոստովանել էր, սերբական լրատվամիջոցների համաձայն, որ Շոլցը չի այցելի Սերբիա, եթե մինչ այդ Բելգրադ այցելի Լավրովը։ «Դա ողբերգություն կլիներ», - նշել էր Սերբիայի ղեկավարը:
Իրավիճակը, սակայն, այնպես է զարգացել, որ Լավրովի այցն ըստ էության չեղարկվում է՝ ոչ Սերբիայի իշխանությունների պատճառով։