Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստանի» և «Պատիվ ունեմի» հրավիրած արտահերթ նիստը չմեկնարկեց քվորումի բացակայության պատճառով։
Օրակարգում մեկ հարց է՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։
Գրանցումը, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի քան չորս ժամ։
Ֆրանսիայի հրապարակում էլ վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անցկացնում։ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ այս պահին ընդդիմադիր պատգամավորները վերադառնում են հրապարակ, ապա կորոշեն այսօրվա հետագա անելիքը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չեն մասնակցելու ընդդիմության նախաձեռնած նիստին։ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ ասել էր, որ հունիսի 3-ը ջրբաժան է լինելու։
Մեկ ամիս փողոցում պայքար ծավալող ընդդիմությունը համոզված է՝ իշխանությունը ժողովրդի թիկունքում բանակցություններ է ունենում առանց կարմիր գծի: Կասկած չունեն՝ Փաշինյանն արդեն իջեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողը: Հենց դա էր պատճառը, որ սկսեցին իրենց պայքարը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, իր հերթին, հայտարարել էր, որ Արցախի ու սահմանագծման հարցով արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը կեղծ գործընթաց է համարում։