Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի ընթացքում արդեն ավանդական դարձած իր գիշերային տեսաուղերձում ասել է, որ իրավիճակը Դոնբասի շրջանում մնում է ծայրաստիճան լարված, բայց ուկրաինական ուժերը Սևերոդոնեցկի մոտ որոշակի հաջողություններ են գրանցել:
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին նոր զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռներ ուղարկելու մտադրության համար և ասել է, թե նույնն ակնկալում է Ուկրաինային սատարող մյուս պետություններից:
«Իրավիճակն անցած 24 ժամում առանձնապես չի փոխվել, Սևերոդոնեցկի ճակատամարտում մենք որոշակի հաջողություն ունենք»,- ասել է Զելենսկին, ավելացնելով, որ դեռ վաղը մանրամասներ կներկայացնի:
Նա բացարձակ անիմաստ է անվանել Ռուսաստանի տարածքից Ուկրաինայի հյուսիսային շրջանների հրետակոծումը:
«Մեր պետության ժամանակավոր զավթված տարածքն այսօր դարձել է աղետի գոտի, և դրա համար Ռուսաստանն է ամբողջական պատասխանատվություն կրում»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը: