Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունիսի 2-ի երեկոյան և գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը Բաքվի հաղորդումը հերթական ապատեղեկատվություն է որակել։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Վարդենիսի շրջանից Վերին Շորժայի հատվածում ականանետերի և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ կրակ է բացվել Քելբաջարի շրջանի ադրբեջանական դիրքերի վրա, որից հետո ադրբեջանական ստորաբաժանումները պատասխան միջոցների են դիմել։