Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Ըստ հաղորդագրության, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Վարդենիսի շրջանից Վերին Շորժայի հատվածում հրաձգային զենքով կրակ է բացվել Քելբաջարի շրջանի ադրբեջանական դիրքերի վրա, որից հետո ադրբեջանական ստորաբաժանումները պատասխան միջոցների էին դիմել։