Դատախազությունը դատարանից պահանջել է Մայրապետյանից և Հակոբջանյանից բռնագանձել 5,6 մլրդ դրամ

Դատախազությունը դատարանից պահանջել է գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից, համապարտության կարգով, հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 5 մլրդ 678 մլն 764 հազար 260 դրամ։

Դիմումը դատարանն ընդունել է վարույթ։

Դատախազությունը նշում է, որ քննությամբ հիմնավորվել է՝ 2002-ի մայիսի 16-ից Հակոբջանյանը Մայրապետյանի առաջարկով ստանձնել է փաստացի վերջինիս պատկանող «Գլոբուս» ընկերության տնօրենի պաշտոնը։ 2004-ին «Գլոբուս»-ը պայմանագիր է կնքել այլ ընկերության հետ, որի հիմքով վերջինիս իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006-ին կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։ Ապա Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս»-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը, որի հետևանքով Հակոբջանյանը «Գլոբուս» ընկերության փաստացի եկամուտը չի ներառել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում՝ այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5 մլրդ 678 մլն 764 հազար 260 դրամի հարկ։

Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Հանրության լայն շրջանակներին նա հայտնի դարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ մայրաքաղաքի հայտնի Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ, երբ տարածքներ ձեռք բերեց այդտեղ: Մայրապետյանը մեղադրվում է օտարումների ընթացքում թույլ տված ապօրինությունների, ինչպես նաև կոռուպցիային օժանդակելու համար, բայց դեռ չի կանգնել դատարանի առաջ։ Մեղադրանքը լսելուց հետո նա հեռացել է Հայաստանից, և մինչ այժմ գտնվում է հետախուզման մեջ։