Գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածով, «Ազատության»-ն ասաց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։
Բատիկյանի փոխանցմամբ, Մայրապետյանը մեղքը չի ընդունում։
«Ազատության» հարցին, թե այս գործը կապ ունի՞ «Մարտ 1»-ի գործի հետ, փաստաբանն ասաց, որ ոչ։
Այս պահին դատարանը քննում է Մայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։
Հատուկ քննչական ծառայությունը գործարարին ձերբակալել է հոկտեմբերի 6-ին։
Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը:
Հանրության լայն շրջանակներին նա հայտնի դարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ մայրաքաղաքի հայտնի Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ, երբ տարածքներ ձեռք բերեց այդտեղ: