Հայ-ադրբեջանական բանակցությունների ֆոնին Իրանը` նախագահի մակարդակով, վերահաստատում է իր դիրքորոշումը՝ առկա խնդիրները պետք է լուծվեն` հարգելով երկրների միջազգային սահմանները, տարածքային ամբողջականությունները, ինչպես նաև ժողովուրդների իրավունքներն ու անվտանգությունը։
Հայաստանի վարչապետի ու Իրանի նախագահի միջև երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ իսլամական հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջի, Էբրահիմ Ռայիսին նշել է. «Իրանն ընդգծում է տարածաշրջանում միջազգային սահմանների պահպանումը, երկրների ինքնիշխանության հարգումը։ [Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում] մնացած խնդիրները, հույս ունենք, որ լուծվում են խաղաղ կերպով և հարգելով երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև ուշադրություն դարձնելով կովկասյան տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքներին ու անվտանգությանը»։
Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ հայկական կողմի հաղորդագրության, Իրանի նախագահին տեղեկություններ է փոխանցել Բրյուսելում Եվրոպական խորհրդի ու Ադրբեջանի նախագահների հետ տեղի ունեցած վերջին հանդիպման մասին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, Լեռնային Ղարաբաղի հարցի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին:
«Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանից ու Թուրքիայից պարբերաբար հնչող հայտարարությունների ֆոնին՝ առաջին անգամը չէ, որ Իրանը նման բարձր մակարդակով հայտարարում է տարածաշրջանի երկրների միջազգային սահմանների անխախտելիության մասին։ Այս հունվարին Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույցի ընթացքում Իրանը նախագահն ընդգծել էր, որ Թեհրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունը իր բոլոր տարածքների և իր տարածքով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ։
Անցած տարվա հոկտեմբերին՝ իրանա-ադրբեջանական որոշակի լարվածության ֆոնին՝ Թեհրանը լայնամասշտաբ երկու՝ իրար հաջորդող զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանին, թեև 44-օրյա պատերազմի ընթացքում և ավարտից հետո Իրանի բարձրաստիճան պաշտոնյանները ողջունել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։
Հայաստանի հետ սահմանի պահպանումը կարևոր է Թեհրանի համար. Քեշիշյան
Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը տեսակապի միջոցով «Ազատությանն» այսօր փոխանցեց՝ Իրանի նախագահի մակարդակով նման հայտարարությունը վկայում է, թե Հայաստանի հետ սահմանի պահպանումը որքան կարևոր է Թեհրանի համար, մյուս կողմից, Հայաստանի շահերից է բխում հասնել Իրանի ավելի լայն ներգրավածությանը հարավկովակսյան գործերում։
«Ես հիշեցնեմ, որ այս խոսակցությունները, ինչ վերաբերում է սահմանների և ճանաչմանը, և կարմիր գիծ հայտարարելու պարագային, որ Իրանը մի քանի անգամ հայտարարել է այդ մասին` Հայաստանի սահմանների ճանաչելը և անփոփոխ լինելու պարագան, այդ հարցերը ոչ միայն նախագահի խոսքից, այլ երկու օր առաջ նաև հանդիպում ունեցավ ՀՀ դեսպանը Թեհրանում պարոն Արսեն Ավագյանը, Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին հարաբերությունների գերատեսչության տնօրենի հետ, որտեղ նաև նույն հարցը, նույն գրեթե բովանդակությամբ և նույն տերմինաբանությամբ հնչեց, որ Իրանի համար դա կարևոր է», - նշեց նա:
Փաշինյանը ողջունել է «3+3» ձևաչափով գագաթնաժողովի՝ հնարավորինս շուտ անցկացումը Թեհրանում
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին օրերս լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով Թեհրանի դիրքորոշումը, թե տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները, նաև տեղեկացրել էր, որ սկսվել են Կապանում իրանական հյուպատոսություն հիմնելու աշխատանքները։
«[Կապանում իրանական հյուպատոսություն հիմնելու] աշխատանքները սկսվել են, բայց համապատասխան տարածք դեռ ձեռք չենք բերել։ Այս հարցում հայկական ու իրանական կողմերը պետական մակարդակով համաձայնել են։ Հայաստանի սահմանակից շրջանները կարող են շատ սերտ համագործակցություն ունենալ Իրանի սահմանակից նահանգների, օրինակ` Արևմտյան Ատրպատականի հետ։ Ակնհայտ է, որ երկու սահմանակից նահանգների համագործակցությունը կարող է շատ մեծ առավելություններ ունենալ», - նշել էր նա:
Դեսպանը հույս էր հայտնել, որ մոտ ապագայում Իրանն ու Հայաստանը համաձայնության կհանգեն գազի սվոփի շուրջ։ Երկկողմ էներգետիկ համագործակցության հարցը քննարկվել է նաև Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույցի ընթացքում։
Ի դեպ, իրանական կողմի փոխանցմամբ, Հայաստանի վարչապետը ողջունել է հարավկովկասյան երեք երկրների ու հարակից երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի` հայտնի «3+3» ձևաչափով գագաթնաժողովի՝ հնարավորինս շուտ անցկացումը Թեհրանում։ Այս մասին Հայաստանի վարչապետի կայքէջը լռում է։
Your browser doesn’t support HTML5