Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքից է կախված տարածաշրջանում հարատև խաղաղությունը․ Զուրաբիշվիլի


Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվականի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն։ Այս մասին նա ասել է նախօրեին Թբիլիսիում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ համատեղ ասուլիսում։

«Մեր տարածաշրջանի ապագան սերտորեն կապված է խաղաղության միջավայրի հետ։ Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն։ Ողջունում ենք Եվրամիության ներգրավվածությունն այդ գործընթացում։ Գիտենք, որ այդ բանակուցությունների արդյունքից է կախված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը, իսկ խաղաղության հաստատումից է կախված տնտեսական զարգացումը» , - հայտարարել է Վրաստանի նախագահը։

Զուրաբիշվիլին նաև նշել է, որ Վրաստանում հայերի և ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը դրական օրինակ է ամբողջ Կովկասի համար։

Վահագն Խաչատրյանն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։

«Այսօր ես և տիկին նախագահ Զուրաբիշվիլին ունեցել ենք բավական հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար հարցեր և այլն: Մասնավորապես քննարկել ենք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը, ինչպիսին են՝ Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքները: Վերահաստատել ենք մեր հանձնառությունը՝ պահպանելու առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակը և առավել հարստացնելու համագործակցության օրակարգը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է Խաչատրյանը:

«Զրուցել ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը խորացնելու մասին, ինչը շատ կարևոր է մեր երկրների համար և թույլ կտա տարածաշրջանում հասնել հաջողությունների։ Նաև անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր սեփական փորձառությունը կիսի հարևան երկրի հետ։ Կարծում եմ՝ մեր ընտրած տարբեր ուղիները մեզ հնարավորություն կտան խորացնել մեր հարաբերությունները», - «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասել է Վահագն Խաչատրյանը։

«Տիկին Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի: Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա փոխըմբռնումը պայմանավորված է հայ-վրացական անխախտ բարեկամության գիտակցմամբ», - ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ասել է ՀՀ նախագահը:

Հայաստանի նախագահը մայիսի 30-ին է երկօրյա պաշտոնական այցով մեկնել Վրաստան։ Հայաստանի նախագահի պաշտոնում սա Վահագն Խաչատրյանի առաջին պաշտոնական այցն է։ Նախօրոք հայտարարվել է, որ նախատեսված են նրա հանդիպումները Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG