Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է միջուկային հրթիռներով զորավարժություն սկսելու մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իվանովոյի մարզում մեկնարկած զորավարժություններում ներգրաված են ավելի քան հազար զինծռայողներ և հարյուր միավոր տեխնիկա, այդ թվում "Ярс" կոչվող միջուկային մոբիլ հրթիռների արձակման համակարգեր։ Հապավումը նշանակում է զսպման միջուկային հրթիռ։ Նրանք կարող են հարվածել 11 հազար կիլմոտեր հեռավորության վրա գտնվող թիրախների։
Միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռներով զորավարժություններ Ռուսաստանը անցկացրել էր փետրվարի կեսերին, Ուկրաինա ներխուժելուց մի քանի օր առաջ, ինչպես նաև ապրիլի սկզբին։
Իսկ փետրվարի 27-ից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով մարտական հերթապահության հատուկ ռեժիմի են բերվել ռուսական զսպան ուժերը, որոնց կազմում է նաև ռազմական միջուկային զինանոցը։
Իվանովոյի մարզում մեկնարկած զորավարժություններում նաև կատարվելու են պայմանական դիվերսիոն խմբերին հայտնաբերելու, շրջափակելու և ոչնչացնելու գործողություններ, կիրառվելու են «Թայֆուն-Մ» հակադիվերսին նոր մեքենաներ, որոնք հագեցած են նաև անօդաչու թռչող սարքերով։
Ռուսաստանի զորավարժությունները հաջորդում են Ուկրաինային ժամանակակից հրետանային միջոցներ տրամադրելու ԱՄՆ-ի նախագահի ու Գերմանիայի կանցլերի որոշումներին։ Ջո Բայդենը ասել է, որ Ուկրաինային տրամադրվող հրետանին ավելի մեծ հեռահարություն ունի, քան ռուսականը։ Ըստ վարչակազմի աղբյուրների, խոսքը HIMARS համակարգերի մասին է, որը թիրախներին կարող է խոցել 70-80 կիլոմետրից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը ևս 100 մլն դոլարի զինտեխնիկա է տրամադրում Կիևին
Ջո Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ հակամարտություն չի ցանկանում, ինչպես նաև հավաստիացրել է, որ քայլեր չեն ձեռնարկվի Պուտինի ռեժիմը տապալելու համար։ Նա նաև ասել է, թե մտադիր չէ ներազդելու Ուկրաինայի իշխանությունների վրա՝ Ռուսաստանին տարածքային զիջումների կատարելու համար։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ևս հայտնել է, որ կառավարությունը որոշել է Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր։
«Առաջիկա շաբաթներին մենք լրացուցիչ զենք կտրամադրենք Ուկրաինային։ Մասնավորապես Գերմանիայի կառավարությունը հենց նոր որոշել է IRIS-T համակարգեր տրամադրել՝ հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից համակարգերը, որն ունի Գերմանիան։ Դա Ուկրաինային հնարավորություն կտա խոշոր քաղաքն ամբողջությամբ պաշտպանել ռուսական օդուժի հարձակումից», - Բունդեսթագում ունեցած ելույթում ասել է Շոլցը, նշելով, որ Ուկրաինային կտրամադրվեն նաև ռադարային ժամանակից համակարգեր, որոնք կօգնեն հայտնաբերելու հակառակորդի սպառազինությունները։
Բունդեսթագի պատգամավորները ծափահարություններով էին ընդունում Ուկրաինային նորագույն զենք մատակարարելու կանցլերի հայտարարությունները։
IRIS-T ՀՕՊ համակարգը 20-40 կիլոմետրի վրա կարող է խոցել օդանավեր, ուղղաթիռներ, թևավոր հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր։
Կիևը Արևմուտքին բազմիսց խնդրել է ժամանակակից զենք տրամադրել ռուսական ագրեսիայի դիմակայելու համար։ Ուկրաինայի արևելքում ռուսների վերջին շրջանի առաջխաղացումը չի հաջողվում կասեցնել։
Յուրաքանչյուր օր ուկրաինական բանակի 60-100 զինվոր է զոհվում. Զելենսկի
Ռուսական ուժերը գրավել են Սևերոդոնեցկ քաղաքի 70 տոկոսը։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է Լուգանսկի մարզային ղեկավար Սերգեյ Գայդայը, հավելելով, որ ուկրաինական ուժերի մի մասը շարունակում է մարտերը, մի մասը նահանջել է նախապես պատրաստված դիրքեր։ Նա հայտնել է, որ Լուգանսկի մարզի բնակավայրերը գտնվում են ռուսների անդադար հրետակոծությունների տակ, հավաստիացնելով, որ Սևերոդոնեցկի դիմաց, գետի մյուս ափին ընկած Լիսիչանսկ քաղաքը գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։
Նախօրեին հրթիռակոծվել է Սևերոդոնեցկի Ազոտ քիմիական գործարանը։ Հրետակոծության հետևանքով ազոտ պարունակող ցիստեռն է պայթել, որի հետևանքով ազոտաթթվի ամպ էր առաջացել։ Քիմիական գործարանը հրետակոծելու համար կողմերը մեղադրում են միմյանց։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Newsmax-ին տված հարցազրույցում ասել է, որ յուրաքանչյուր օր ուկրաինական բանակի 60-100 զինվոր է զոհվում, 500-ը՝ վիրավորում։ Կիևին տրամադրվող ամերիկյան հրթիռային համազարկային համակարգերի մասին, նա հավաստիացրել է, որ դրանցով կրակ չի բացվի Ռուսաստանի տարածքի վրա։ «Ուկրաինան հետաքրքրված չէ ռուսական տարածքներով», - ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը ամենօրյա հաղորդագրությունում ասել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ավիահարվածներով ու հրթիռենով 340 ուկրաինացի զինվորներ են սպանվել, ոչնչացվել է մեկական Su-25 ռազմական օդանավ և ուղղաթիռ, ինչպես նաև յոթ դրոն։ Պատերազամի սկզբից ի վեր, եթե հավատանք նրա բերած տվյալներին, ընդհանուր առմամբ ոչնչացվել է ուկրաինական բանակի շուրջ 12 հազար զինտեխնիկա, այդ թվում՝ տանկեր, զրահամեքենաներ, հրետանային համակարգեր, օդանավեր, ուղղաթիռներ, դրոններ։
Նշենք, որ պատերազմական պայմաններում կորուստների մասին կողմերի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են կրակ բացում համազարկային «Ուրգան» ռեակտիվ համակարգերը՝ դրոնի միջոցով տեղորոշված թիրախների ուղղությամբ։
Ուկրաինական ուժերը ևս տեսանյութ են հրապարակել՝ ցուցադրելով Զապորոժիեյի մարզում ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկան։ Զինվորների պատմելով՝ ռուսական զրահամեքենաները փորձել են այդ ուղղությամբ ճեղքելով առաջ շարժվել, բայց ոչնչացել են։