«Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է», - այսպես է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձագանքել Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին, թե «Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունը«Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան», - ասել է Միրզոյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: - «ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ընդգծվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ս.թ. ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին». Իլհամ Ալիև«ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը, և հետևաբար, Ադրբեջանն այն չի կարող լուծարել, կամ նրա առաքելությունն ավարտված համարել: Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի և, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վերը հիշատակված հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում, նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաև, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է:
Հայաստանն, ի դեպ, Ադրբեջանից երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ: ԼՂ հիմնախնդիրը իրավունքի հարց է և այդպես էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից: Եվ դա է երևում բրյուսելյան հանդիպումից: Մենք արձանագրել ենք, որ պատերազմի էջը մեզ համար փակված է, և կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով», - ԱԳՆ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ընդգծել է Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով Ալիևի մեկ այլ հայտարարությանը, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի մասին, նախարարն ասել է. - «Հայաստանի դիրքորոշումը արձանագրել ենք շարունակաբար: Բայց թերևս նորից կրկնենք. Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին են»:
«Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների, ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով՝ Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Չնայած՝ ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա», - նշել է Արարատ Միրզոյանը:
Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին ավելի վաղ հակադարձել է նաև Հայաստանի արտգործնախարարությունը: