Երևանը հակադարձում է Ալիևին, կոչ անում չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները»

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում, 22-ը մայիսի, 2022թ.

Պաշտոնական Երևանը, հակադարձելով Ալիևին, կոչ է անում չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները»։

Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին». Իլհամ Ալիև

Հայաստանի արտգործնախարարությունն այսօր վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հակադարձում է Ալիևին և կոչ անում չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները»

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ այսօր պատասխանել է Ադրբեջանի նախագահի այն պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղ, նման հիմնախնդիր և ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա:

«Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահը ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ»,- «Արմենպրես»-ին այսօր ասել է Հայաստանի արտգործնախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան. 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ստորագրելով Ալիևն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը

Արձագանքելով Ալիևի հայտարարությանը, թե Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, Միրզոյանը նշել է. - «Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին են: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների, ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով՝ Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Չնայած՝ ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա»:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները առաջին հերթին ուղղված են ներքին լսարանին»

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությունները առաջին հերթին ուղղված են ներքին լսարանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շառլ Միշելի ձևակերպումն, ըստ Ստեփանակերտի, չի արտահայտում արցախահայության պահանջներն ու ձգտումները

«Մասնավորապես Բրյուսելի հանդիպումը չի խոսում այն մասին, այսինքն՝ որևէ հանգամանք կամ փաստ չկա, որը ցույց է տալիս, թե, օրինակ, նույն Ղարաբաղի կարգավիճակի հարցում որևէ պայմանավորվածություն ձեռք է բերվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը՝ շարունակելով. - «Տեսել ենք, որ Շառլ Միշելի հայտարարության մեջ Եվրոպական խորհրդի նախագահը հորդորում է կողմերին, որպեսզի ուշադրություն դարձվի այդ հարցին: Չնայած ձևակերպումը շատ անհաջող է, բայց այն հանգամանքը, որ նա հորդորում է կողմերին, նշանակում է, որ, այնուամենայնիվ, այդ հարցի շուրջ հակասությունները շարունակում են գոյություն ունենալ։ Այդ առումով, կարծում եմ, այստեղ հայկական կողմի տարածած հայտարարությունը ավելի մոտ է իրականությանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրակոցներ սահմանի հարավ-արևելյան հատվածում, հայ զինվոր է ծանր վիրավորվել

Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են խաղաղության բանակցությունների մեկնարկը, Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց ադրբեջանական զինված ուժերի կողմից սահմանի հարավ-արևելյան հատվածում հրադադարը խախտելու մասին։ Դրա հետևանքով ժամկետային հայ զինծառայող է վիրավորվել, նրա վիճակն, ըստ պաշտպանական գերատեսչության, ծանր է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «հերթական ապատեղեկատվություն» է որակել հայկական կողմի հաղորդումը: