Դոնբասում ուկրաինական բանակը նոր տարածքներ է կորցնում

Ներկա պահին Լուգանսկի մարզի միայն 5 տոկոսն է մնացել Ուկրաինայի վերահսկողության տակ։ Ռուսական ուժերը այսօր հայտնել են Լիման քաղաքի վրա լիակատար վերահսկողություն սահմանելու մասին։

Փոքր քաղաք Լիմանը կարևոր է Սլովյանսկի ու Կրամատորսկի ուղղությամբ գրոհներ զարգացնելու համար, որոնք գտնվում են համապատասխանաբար 30 և 40 կիլոմետր դեպի արևմուտք։ Լիմանի մոտ մարտական գործողությունների շրջանը ընկած է արևելյան ճակատի խորը թիկունքում՝ Սևերոդոնեցկից 60 կիլոմետրի վրա, հաջողության դեպքում ռուսները կարող են կաթսայի մեջ առնել ուկրաինական բանակի արևելյան խմբավորումը։ Ռազմաճակատի արևելյան գիծը հիմա անցնում է Սևերոդոնեցկ ու նրանից գետով բաժանված Լիսիչանսկ քաղաքների մոտով, որոնք ռուսական ուժերի անդադար հրետակոծությունների տակ են։

Անցած մեկ օրում Սևերոդոնեցկում առնվազն չորս մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը՝ նշելով, որ «Սևերոդոնեցկի բնակիչները արդեն մոռացել են, թե վերջին անգամ երբ է գոնե կես ժամ քաղաքում լռություն տիրել»։

«Ռուսները բնակելի թաղամասերի վրա կրակում են անդադար»,- ասել է նա։

Սևերոդոնեցկի քաղաքապետը ավելի վաղ ասել էր, որ բնակելի ֆոնդի 60 տոկոսը ոչնչացվել է, շենք-շինությունների 90 տոկոսը վնասված է։ Քաղաքապետի ասելով՝ պատերազմի ընթացքում Սևերոդոնեցկում 1,5 հազար մարդ է զոհվել, հիմա քաղաքում 12-13 հազար բնակիչ է մնացել, անդադար ռմբահարումների պատճառով մարդիկ չեն կարողանում հեռանալ քաղաքից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բորիս Ջոնսոն. «Պուտինը դանդաղ, բայց շոշափելի նվաճումներ է գրանցում Դոնբասում»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշերվա իր տեսաուղերձում դատապարտել է Դոնբասում ռուսական ուժերի անողոք հարձակումները։

«Դոնբասում օկուպանտների ներկայիս հարձակումը կարող է տարածաշրջանը անմարդաբնակ դարձնել։ Նրանք ցանկանում են Պոպասնյան, Բախմուտը, Լիմանը, Լիսիչանսկն ու Սևերոդոնեցկը վերածել ծխացող ավերակների, ինչպես Վոլնովախան ու Մարիուպոլն է», - ասել է Զելենսկին՝ Ռուսաստանին մեղադրելով Ուկրաինայի արևելքում ցեղասպանություն իրականացնեու մեջ։

Նախօրեին Խարկովի ռմբակոծության հետևանքների մասին նա ասել է, որ 9 մարդ է զոհվել, 19 վիրավորվել են։

«Բոլորը քաղաքացիական անձինք են։ Հինգ ամսական երեխան սպանվել է հոր հետ, մայրը ծանր վիճակում է։ Խարկովում վիրավորների մեջ նաև ինը տարեկան աղջիկ կա»,- ասել է Զելենսկին։ Նա Արևմուտքին հորդորել է վերջ տալ խաղալ Ռուսաստանի հետ և օգնել դադարեցնելու պատերազմը։

Զելենսկին քննադատել է Եվրամիության որոշ անդամների, որոնք դիմադրում են Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառելուն, դեմ են նավթի և գազի ներմուծման արգելքին, ինչը Մոսկայի եկամտի հիմական աղբյուրն է։

«Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը բառացիորեն կյանքեր փրկելու խնդիր է։ Հետաձգումների, թուլության, տարատեսակ բանավեճերի կամ զոհի հաշվին ագրեսորին հանդարտեցնելու յուրաքանյուր օրը նշանակում է ավելի շատ սպանված ուկրաինացիներ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան նախօրեին ասել է, որ արևելքում իրավիճակը ավելի ծանր է, քան շատերը կարծում են։

Թվիթերի ուղիղի եթերում պատասխանելով հարցերին՝ նա Արևմուտքին կրկին կոչ է արել զենք ուղարկել Ուկրաինա։ «Զենք, զենք և զենք։ Առանց հրետանու, առանց համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մենք չենք կարող հետ մղել ռուսական զորքերին»,- ասել է Կուլեբան։

Ռուսական ուժերը հրթիռակոծել են նաև Խարկովի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի շրջանները։ Դնեպրոպետրովսկի մարզում հրթիռներից մեկն ընկել է Ազգային գվարդիաի զորանոցի վրա, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. «Հիմա ոչ թե 1938, այլ 2022 թվականն է, զիջում ագրեսորին չի լինի»

Չնայած ռուսական բանակի ակնհայտ առավելությանը, Արևմուտքի ռազմական գերատեսչությունները, վերլուծական կենտրոնները գտնում են, որ ռուսական ուժերի հնարավորությունները անսպառ չեն։ Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ ռուսական ուժերը հարձակումները շարունակելու համար ստացել են ռեզերվում պահվող, մոտավորապես 50 տարվա հին մոդելի T-62 հրասայլեր։ Ժամանակակից հակատանկային միջոցներից թույլ պաշտպանված այդ տանկերի օգտագործումը վկայում է նոր սերնդի սպառազինությունների պակասի մասին։

Պենտագոնի մի պաշտոնյա ասել է, որ Ռուսաստանը առնվազն հազար տանկ է կորցրել, 36 օդանավ և ավելի քան հինգ տասնայկ ուղղաթիռ։ Նա ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության որոշման վրա, որով թույլատրվել է մինչև 50 տարեկան տղամարդկանց ծառայության անցնել բանակում, նախկինում տարիքային առավելագույն շեմը սահմանված էր 40 տարեկանների համար։ «Այդպիսով Մոսկվան փորձում է տարբեր միջոցներ գտնել ռազմաճակատում կենդանի ուժը համալրելու համար»,- նշել է նա։

Պատերազմի ուսումնասիրությունների ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական ուժերը թուլացել են, և նրանց համար դժվար կլինի համալրել ապագա կորուստները։ Ինստիտուտի տվալաների համաձայն՝ Ուկրաինայի հարավում Ռուսաստանը կառուցում է պաշտպանական երրորդ գիծը՝ գրաված տարածքների վրա երկարատև վերահսկողությունը ամրապնդելու և ուկրաինական ուժերի հակահարձակումները հետ մղելու նպատակով։