Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Հիմա ոչ թե 1938, այլ 2022 թվականն է, զիջում ագրեսորին չի լինի»


Ուկրաինայի պատերազմը, արխիվ:
Ուկրաինայի պատերազմը, արխիվ:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի 92-րդ օրը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Մոսկվան տակավին սպասում է, որ Կիևում գիտակցեն դե ֆակտո ստեղծված իրավիճակը և ընդունեն ռուսական կողմի պահանջները:

Ռուսական ուժերը շարունակում են գրոհները Դոնբասի շրջանում, որտեղ փորձում են շրջափակել Սևերսկի Դոնեց գետի երկու ափին գտնվող Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ ավանները: Դրանց անկումն, ըստ փորձագետների, գրեթե անխուսափելի է և կնշանակի, որ ռուսական ուժերն ամբողջությամբ հսկողություն են սահմանում Լուգանսկի շրջանի նկատմամբ, ինչն այս պատերազմում Կրեմլի հայտարարած հիմնական ռազմական նպատակներից է:

Լիսիչանսկում կան մեծ թվով զոհեր: Լուգանսկի ռազմական վարչակազմի ղեկավար Սերհիյ Հայդայի փոխանցմամբ, ոստիկանները Լիսիչանսկում ստիպված էին եղբայրական մեծ գերեզմանում արագ թաղել ռուսական հրետակոծումների զոհ դարձած մոտ 150 խաղաղ բնակիչների:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 25-ին հանդես է եկել ավանդական գիշերային տեսաուղերձով: Այս մեկի թեման Դավոսի ֆորումում հնչեցված և արևմտյան որոշ պարբերականներում տեղ գտած մեկնաբանություններն են այն մասին, որ Ուկրաինան՝ հանուն խաղաղության, ի վերջո, պետք է հաշվի առնի ներկայիս վիճակն ու զիջումների գնա:

Զելենսկին ասել է, որ Ուկրաինային օգնություն է պետք, առաջին հերթին զենք, լիակատար օգնություն, առանց սահմանափակումների և բացառությունների, այնքան զենք ու զինամթերք, որքան անհրաժեշտ է հաղթանակի համար:

Նա քննադատել է Արևմուտքի այն ներկայացուցիչներին, ովքեր չափազանց մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի շահերին:

Նրա այդ քննադատությունը նախևառաջ հասցեագրված է ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելող ամերիկացի վետերան քաղաքական գործիչ, նախկին պետական քարտուղար, 98-ամյա Հենրի Քիսինջերին, ով, տեսակապով դիմելով Դավոսի համաշխարհային ֆորումի մասնակիցներին, ասել է, թե դեռ 8 տարի առաջ իր հոդվածում գրել է, որ ՆԱՏՕ-ին միանալու մասին երազող Ուկրաինայի համար լավագույն լուծումը կլինի չեզոք պետության կարգավիճակը:

«Դրանով Ուկրաինան կարող է դառնալ կամուրջ Ռուսաստանի ու Եվրոպայի միջև: Այսօր այդ հնարավորությունը չկա, բայց դեռ կարող է ընկալվել որպես վերջնանպատակ»,- ասել է Քիսինջերը:

«Թվում է, թե պարոն Քիսինջերի օրացույցը ոչ թե 2022-ից է, այլ 1938-ից, և նա խոսում է ոչ թե Դավոսում, այլ Մյունխենում, բայց հիմա ոչ թե 1938, այլ 2022 թվականն է, զիջում ագրեսորին չի լինի»,- արձագանքել է Զելենսկին:

Այդ մեկնաբանությամբ նա ակնարկել է1938 թվականը, երբ արևմտյան երկրները, հուսալով խաղաղության հասնել Ադոլֆ Հիտլերի հետ, «Մյունխենյան գործարքով» Չեխոսլովակիան հանձնել են ֆաշիստական Գերմանիային:

Ի դեպ, Դավոսում ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան:

«Իմ ուղերձը շատ պարզ է՝ սպանեք ռուսական արտահանումը, քանի դեռ ռուսները փող են վաստակում նավթ ու գազ վաճառելով՝ նրանց քսակները լիքը կլինեն, և նրանք կկարողանան ֆինանսավորել իրենց ռազմամեքենան»,- ասել է նախարարը:

XS
SM
MD
LG