Բրյուսելյան հանդիպմանն անկլավների հարց չի քննարկվել. Փաշինյան
Դե յուրե Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ չկան, այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով՝ իսկ Ադրբեջանի տարածքում գտնվող Արծվաշենի հայկական անկլավ լինելու իրավական հիմքերը կան։
«Մինչև այս պահը մենք մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է», - ասաց նա։
Վարչապետը հստակեցրեց՝ Ալիևի հետ բրյուսելյան կիրակնօրյա հանդիպմանը անկլավների հարց չի քննարկվել։ Դրանց անդրադարձ լինելու է արդեն սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների ժամանակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատմաբանները կարծում են, որ անկլավների հարցն ընդհանրապես չպետք է սահմանազատման գործընթացում թեմա դառնաՓաշինյան - Ալիև հանդիպումը հյուրընկալած Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մեջ ոչինչ չկար խաղաղության պայմանագրի համար Բաքվի 5 սկզբունքների և Հայաստանի պատասխան վեց առաջարկների մասին։ Վարչապետը մանրամասնեց՝ վերջին հանդիպմանը արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները, որոնք, ըստ էության, ասաց՝ հայտնի էին։
«Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ», - նկատեց նա։
Ինչպե՞ս են շարունակվելու բանակցությունները, եթե համաձայնության գալ չի հաջողվել, այս հարցին Փաշինյանը չանդրադարձավ, բայց օրակարգ բերեց մի քննարկում, որն ըստ իրեն՝ միջազգային հանրության շրջանում էլ կա՝ տարանջատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրից։ Չմանրամասնեց՝ ինքը որ տարբերակի կողմնակից է, փոխարենն ասաց՝ նկատել է, թե ընդդիմությունն է զարգացնում այս օրակարգը. «Ընդ որում, նաև Արցախի իշխանությունների հետ ենք քննարկում, թե այնուամենայնիվ, այս ճամփաբաժանին որ մարտավարական մոտեցումն է ավելի լավը։ Այդ հարցը, ասում եմ, կա, և ես տեսնում եմ, որ այդ հարցի մասին սկսել է խոսել նաև ընդդիմությունը»։
Բրյուսելում հիմնական քննարկվող թեման եղել է գերիների վերադարձի հարցը. Փաշինյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն խոստանում է այս շաբաթ հայկական կողմին փոխանցել զինծառայող ՄարտիրոսովինԲրյուսելում հիմնական քննարկվող թեման եղել է գերիների այլ պահվող անձանց վերադարձի հարցը։ Վարչապետը հստակեցրեց՝ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Հատուկ ընդգծեց՝ եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ արտացոլված հումանիտար այս խնդիրը պետք է տարանջատել քաղաքականից, քանի որ դա հայկական կողմի վաղուց ամրագրված դիրքորոշումն է. «Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը, բայց մենք համաձայն չենք այդ դիքորոշման հետ, և մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր պահվող անձինք, ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձվեն»։
Փաշինյանը հնչեցրեց իր խոստացած բացահայտումը
Փաշինյանը այս շաբաթ թիմակցի խնդրանքով հնչեցրեց այն բացահայտումը, որը խոստացել էր նախորդ հարցուպատասխանին և այդպես էլ չարեց, քանի որ ընդդիմադիրները լքել էին նիստերի դահլիճը։ Բացահայտումը 2000-ականներին ԵԱՀԿ-ի «Մադրիդյան սկզբունքների» հասցրած վնասների մասին էր։
«Մադրիդյան սկզբունքները» ընդունելով՝ Հայաստանի այդ ընդունած կառավարությունը, որի ներկայացուցիչներ են այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչները, Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում։ Երբ որ ես համանախագահներին այդ շրջանակում հարցրել եմ՝ ես նոր մարդ եմ, հարգելինե՛րս, ասեք՝ այս սկզբունքների շրջանակում կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում, իրենք էլ կարճ պաուզայից հետո ասել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի՝ սրանով ևս մեկ անգամ ապացուցելով «Մադրիդյան սկզբունքների» մեր ընկալումը, որ դրանցով Ադրբեջանին վետո է տրվել Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցում»։
Փողոցում շաբաթներ շարունակ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն այսօր չէին եկել հարցուպատասխանին, նախորդ անգամ իրենց հայտարարությունը հնչեցնելուց հետո լքել էին նիստերի դահլիճը։