Ընդդիմադիրները վաղ առավոտից փակել էին նախագահականի բոլոր մուտքերը։ Նրանք այստեղ էին եկել երթով՝ Ֆրանսիայի հրապարակից։ Մայիսի 21-ից նախագահ Վահագն Խաչատրյանը Դավոսում է՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին։
Իրավիճակը փոքր-ինչ լարվեց, երբ ցուցարարները փորձեցին ավելի մոտենալ շենքին, ոստիկանները, պատ կազմած, թույլ չտվեցին։
«Պայքարն անկասելի է, հայ մարդու համար է, Արցախի համար է, հայ մարդու բարեկեցության համար է», - հայտարարեց ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Այսօր ավելի վաղ ակցիայի մասնակիցներն Ազգային ժողովի շենքի մոտ էին։ Խորհրդարանի հարակից Դեմիրճյան փողոցում ոստիկաննները պատ էին կազմել՝ թույլ չտալով նրանց փողոց մտնել։
Որոշ ժամանակ անց ցուցարարներն ապաշրջափակեցին նախագահի նստավայրը և քայլում էին տարբեր փողոցներով: Ակցիայի մասնակիցները շուրջ կես ժամով փակեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - Մաշտոց - Պարոնյան խաչմերուկը:
Այնուհետև ցուցարարները կրկին ուղղվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Արդեն չորրորդ շաբաթն է՝ ընդդիմադիրները պայքարում են հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Նրանք բազմաթիվ անհնազանդության ակցիաներ են իրականացրել։ Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները երեկ էլ արտգործնախարարություն տանող մուտքերն էին փակել։ «Մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանքի ժամ հակապետական է, դեմ է մեր շահերին», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիրները նախ շրջափակեցին ԱԳՆ շենքը, ապա ներս մտան