Վաղ առավոտից ընդդիմադիրները շարունակում են բողոքի անհնազանդության ակցիաները։
Նրանք մի քանի րոպեով փակել էին Երևանի Աբովյան փողոցից դեպի Սայաթ-Նովա տանող հատվածը։ Այստեղ ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին, ցուցարարներն արագ բացեցին ճանապարհն ու հեռացան տարածքից` տեղափոխվելով Աբովյան-Թումանյան խաչմերուկ։ Այստեղ էլ նրանք մի քանի րոպեով փակեցին ճանապարհը։
Նշենք, որ փողոցները երկար փակ չեն մնում՝ նախքան ոստիկանների մոտենալը ցուցարարներն արագ հեռանում են տարածքից։
Աբովյան փողոցը պարբերաբար փակելով ցուցարարները քայլերթով անցնում էին մայթով, ոստիկանության ներկայացուցիչը հրահանգեց բերման ենթարկել բոլոր տղամարդկանց, ինչից հետո ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին, և ակցիայի մասնակից բոլոր տղամարդիկ բերման ենթարկվեցին։
Լարված իրավիճակ էր նաև Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում։ Ոստիկաններն այստեղ փորձեցին բերման ենթարկել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, նրան երկու անգամ փորձեցին նստեցնել ոստիկանական մեքենա, սակայն երբ ասվեց, որ նա պատգամավոր է, նրան մեքենայից դուրս հանեցին։
Ոստիկանության վերջին տվյալներով՝ բերման է ենթարկվել 364 քաղաքացի։