Ընդդիմադիրները նախ շրջափակեցին ԱԳՆ շենքը, ապա ներս մտան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները, այսօր ճեղքելով Արտաքին գործերի նախարարության դիմաց ոստիկանության կազմած պատը, փակեցին նախարարություն տանող մուտքերը։ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ պետք է թույլ չտալ աշխատակիցներին ներս մտնել։

«Մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանքի ժամ հակապետական է, դեմ է մեր շահերին: Մեր վրդովմունքն ենք արտահայտում և արգելափակում պետական կառույցների գործունեությունը: Կրկին կոչ եմ անում համախմբվել, ուշադիր լինել բոլոր մուտքերին և թույլ չտալ` որևէ աշխատակից ներս մտնի կամ աշխատանքից դուրս գա», - ասաց նա:

2 ժամ անց ընդդիմադիր պատգամավորները մտան նախարարության շենք։ Նրանք Արցախի դրոշներ փակցրին Արտգործնախարարության սենյակների դռներին, իսկ պատգամավորներին հանդիպած փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը դրոշը փակցրեց իր հագուստին, սակայն չիրականացրեց ընդդիմադիրների հիմնական պահանջը` ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:


Արտգործնախարարության շենքի առջև այսօր ցուցարարների ու ոստիկանների միջև նաև հրմշտոց տեղի ունեցավ։ Ոստիկանությունը հայտնում է` կա 1 բերման ենթարկված։

«Այսօր երեկոյան մենք մանրամասն կանդրադառնանք նրան, ինչ որ արել ենք, բայց մի բան հստակ է` այն պետական կառույցները, որոնք չեն սպասարկում ՀՀ և հայ ժողովրդի շահերը, պետք է իրենց գործունեությունն արգելափակել, պետք է խոչընդոտել և դրանով ցույց տալ ժողովրդի կամքը և հասնել ամբողջական երկիշխանության», - հայտարարեց Սաղաթելյանը:

Պռտական գերատեսչությունների շենքերի մոտից ընդդիմադիր ցուցարարները երթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ վրաններ են տեղադրել ու արդեն չորրորդ շաբաթն է, ինչ փակ են պահում Երևանի կենտրոնական ճանապարհային հանգույցներից մեկը: