Մատչելիության հղումներ

Անհնազանդության ակցիաներն այսօր ավտոերթների և մետրոպոլիտենի աշխատանքը որոշ ժամանակով կասեցնելու տեսքով էին


Ընդդիմությունն այսօրվա անհնազանդության ակցիաները սկսեց ավտոերթերով. Առավոտյան դրանք մեկնարկեցին Երևանին մերձակա մի քանի հատվածներից ու տևեցին մի քանի ժամ։

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էր երեկ հայտարարել, որ որպես խաղաղ անհնազանդության ակցիա վարորդները կարող են միանալ ավտոերթին և մեքենան վարեն առավելագույնը 15 կմ/ժ արագությամբ:

Անհնազանդության ակցիա եղավ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, որտեղ քաղաքացիները նստել էին գնացքի դռների մոտ և թույլ չէին տալիս, որ այն շարժվի: Ի վերջո գնացքը շարժվեց, և Հանրապետության հրապարակի տարածքից ակցիայի մասնակիցներից ոմանք բերման ենթարկվեցին:

Ժամը 10-ի սահմաններում Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ բերման է ենթարկվել 3 մարդ, երեքն էլ որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։

Ավելի ուշ երիտասարդները մի քանի րոպեով փակեցին նաև Երիտասարդական կայարանի մուտքը։

Մայիսի 1-ից ի վեր ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ է իրականացնում։ 23 օր է չորս կողմից փակ է Ֆրանսիայի հրապարակը, որտեղ գրեթե ամեն օր հանրահավաքներն են տեղի ունենում, ապա քայլերթ։ Այսօր, սակայն անձրևի պատճառով ընդդիմությունը հանրահավաք ու քայլերթ չի իրականացնի, տեղեկացնում է ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ ակցիաները կշարունակեն վաղը։

XS
SM
MD
LG