Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ըստ Հայաստանի կառավարության, քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շարունակական դերակատարումը:
Երեկ Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ հինգ ժամ տևած բանակցություններից հետո, հայտարարեց, որ առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը՝ նշելով, որ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել նաև տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոմունիկացիաների հաստատումը կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան. ՌԴ փոխվարչապետ
«Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, և պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և տարանցման տուրքերի շուրջ», - նշել է Շառլ Միշելը:
Եվրոպական խորհրդի ղեկավարը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սկզբունքներ են գործելու, միայն նշել է, որ փոխվարչապետերը պետք է առաջիկա օրերին է՛լ ավելի զարգացնեն Բրյուսելում իրենց առաջնորդների միջև ձեռք բերված այս պայմանավորվածությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին Հայաստան - Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստը