Ռուսաստանը հայտարարում է «Ազովստալը» վերջնականապես գրավելու մասին, Ուկրաինայի նախագահն էլ պնդում է՝ վստահ է այս պատերազմում իր երկիրը հաղթելու է:
Փետրվարի 24-ից սկսված ռուսական ագրեսիայի հետևանքով Ուկրաինայում, երկրի գլխավոր դատախազի գրասենյակի տվյալների համաձայն, սպանվել է 232 երեխա, մինչդեռ պատերազմի վերջը դեռ չի երևում: Բանակցություններ չկան։ Ընդորում՝ Մոսկվան հայտարարում է, թե բանակցություններից ուկրաինական կողմն է հրաժարվել։
Ռուսաստանի դեմ շուրջ երեք ամիս պատերազմելուց հետո Ուկրաինայի նախագահը, ում Արևմուտքը ռուսական հարձակման հենց առաջին օրը առաջարկում էր լքել երկիրը, հայտարարում է՝ համոզված է, որ Ուկրաինան հաղթելու է: Այս մասին Վլադիմիր Զելենսկին ասել է ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հավելելով, թե թեև պատերազմի ճակատագիրը որոշվելու է ռազմադաշտում, այն, ամեն դեպքում, պետք է ավարտվի դիվանագիտական ճանապարհով։
Զելենսկին ասում է՝ հաղթանակը արագ ու հեշտ չի լինի, քանի որ Կիևը ցանկանում է վերադարձնել բոլոր օկուպացված տարածքները։
«Պատերազմը մենք չենք սկսել, բայց պետք է ավարտենք: Ես կարծում էի, որ պատերազմը կարող է ավարտվել միայն երկխոսությամբ: Բայց հիմա սա դժվար պատերազմ է, և հաղթանակը շատ դժվար, արյունալի է լինելու», - հայտարարել է Զելենսկին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուդենկո. «Կիևը գործնականում դուրս է եկել բանակցություններից»Պատերազմի առաջին ամիսը ուկրաինական կողմը Ռուսաստանի հետ բանակցում էր Դոնբասի և Զրիմի կարգավիճակների շուրջ։ Այսօր երբ ակնհայտ է, որ արագ հաղթել ռուսական բանակին չհաջողվեց, իսկ Արևմուտքն էլ հայտարարում է՝ կտա Ուկրաինային այնքան զենք, որքան պետք է հաղթանակի համար, Զելենսկին ասում է՝ Կիևը ցանկանում է վերադարձնել Ռուսաստանի կողմից օկուպացված բացարձակապես բոլոր տարածքները։ Այսինքն՝ և՛ Դոնեցկն ու Լուգանսկը, և՛ Մարիուպոլը ու Խերսոնը, և՛ նույնիսկ Ղրիմը։
Վլադիմիր Զելենսկին ասում է նաև, որ այսօր ուկրաինական բանակի շարքերում ռուսական ուժերին դիմադրում են ավելի քան 700 հազար մարդ։ Նախօրեին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել էր, որ Ուկրաինան չի զիջի Ղրիմն ու Դոնբասը հանուն հրադադարի։ Նա կարծում է, որ այդ տարածքները չեն կարող «սակարկության առարկա» դառնալ Ռուսաստանի հետ բանակցություններում։
Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարը զեկուցում է երկրի նախագահին «Ազովստալը» վերջնականապես գրավելու մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը. «Ազովստալի ստորգետնյա օբյեկտները, որտեղ թաքնվել էին գրոհայինները, անցել են ռուսական զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։️ Գործողությունն ավարտելու և ուկրաինացի զինյալներից գործարանի և Մարիուպոլ քաղաքի ամբողջական ազատագրման մասին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն զեկուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»։
Ռուսական կողմի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ուկրաինացի 2439 զինվոր, որոնք գտնվում էին գործարանի տարածքում, հանձնվել են։ Ուկրաինայի նախագահը պնդում է, որ հանձնվելու հրամանն ինքն է տվել, և որ փոխանակման միջոցով այդ մարդիկ վերադառնալու են տուն։
Ուկրաինացի զինվորականները, որոնք գտնվում էին «Ազովստալի» տարածքում, մայիսի 16-ին են սկսել հանձնվել։ Նրանց հետագա ճակատագիրը պարզ չէ։ Պետդումայում արդեն կոչեր են հնչել՝ «Ազովի» գնդի մարտիկներին Ուկրաինա ոչ մի պարագայում չտեղափոխելու մասին։ Իսկ դեռևս մայիսի 17-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Գերագույն դատարան՝ ուկրաինական «Ազովի» գունդը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազով» գումարտակի հրամանատարը հանդես եկավ տեսաուղերձով«Ազովի» գնդի և ուկրաինական այլ ստորաբաժանումների զինծառայողները պաշտպանում էին Մարիուպոլ քաղաքը, որը շրջափակման մեջ էր մարտի սկզբից, քաղաքը ռուսական բանակի կողմից գրավելուց հետո նրանք արգելափակված էին «Ազովստալ» մետալուրգիական գործարանում։
«Ազով» կազմավորումը հիմնադրվել է 2014 թվականին որպես կամավորական գումարտակ; Ազովի հիմնադիրների շարքում էին նաև մարդիկ, ում համարում էին ծայրահեղ։ Միևնույն ժամանակ, Ազովի շատ մարտիկներ շեշտում են, որ իրենք նեոնացիստներ չեն, և գունդն ինքնին դարձել է Ուկրաինայի զինված ուժերի անբաժանելի մասը։
Your browser doesn’t support HTML5