Մատչելիության հղումներ

«Ազով» գումարտակի հրամանատարը հանդես եկավ տեսաուղերձով


Այսօր տեսաուղերձով հանդես է եկել «Ազով» գումարտակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Դենիս Պրոկոպենկոն և նշել, որ դիմադրությունը դադարեցրել են գլխավոր հրամանատարության հրամանով և իրենց երեք պահանջները հաշվի առնելուց հետո։

«Փառք Ուկրաինային։ Մարիուպոլի պաշտպանության 86-րդ օրն է։ Զինվորական գլխավոր հրամանատարությունը հրամայել է պահպանել կայազորի զինվորների կյանքն ու առողջությունը և դադարեցնել քաղաքի պաշտպանությունը։ Չնայած ծանր մարտերին, շրջանաձև պաշտպանությանը և զինամթերքի սակավությանը՝ մենք միշտ ընդգծել ենք երեք կարևոր պայման, որոնք վերաբերում են խաղաղ բնակիչներին, վիրավորներին և զոհվածներին։ Արդյունքում խաղաղ բնակիչները տարհանվել են, ծանր վիրավորները անհրաժեշտ օգնություն են ստացել, նրանք տարհանվել են՝ հետագայում փոխանակվելու և Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներ փոխանցվելու համար։ Ինչ վերաբերում է ընկած հերոսներին, ապա գործընթացը շարունակվում է, բայց ես հույս ունեմ, որ նրանց ընտանիքներն ու ամբողջ Ուկրաինան մոտ ապագայում կարող են պատվով հուղարկավորել իրենց զինվորներին», - ասել է «Ազով»-ի հրամանատարը։

Երեկ երեկոյան նրա տեղակալ Սվյատոսլավ Պալամարը կարճ տեսաուղերձով հայտարարեց, որ ինքը և հրամանատարությունը գտնվում են «Ազովստալի» տարածքում։

«Որոշակի գործողություն է շարունակվում, որի մանրամասները չեմ հայտնի։ Շնորհակալության ամբողջ աշխարհին, շնորհակալություն Ուկրաինային աջակցության համար», - նշել է նա։

Այս պահի դրությամբ դեռ պարզ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում «Ազովի» հրամանատարներին, որոնց Ռուսաստանը ծայրահեղ ազգայնականներ է համարում։

Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում շրջափակված ազգայնականները շարունակում են ակտիվորեն հանձնվել. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, թե Մարիուպոլի Ազովստալ գործարանում շրջափակված ազգայնականները շարունակում են «ակտիվորեն հանձնվել» և արդեն 1908 մարդ հանձնվել է։

Ավելի քան երկու ամիս պաշարված «Ազովստալից» ուկրաինացի զինվորականները սկսեցին խմբերով անձնատուր լինել երկուշաբթի օրվանից սկսած։ Նրանցից 80-ը վիրավոր են, Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակի հավաստմամբ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Այսօր հրապարակված տեսանյութը ցուցադրում է, թե անցած գիշերը ավտոբուսներով, զրահամեքենաների ուղեկցությամբ ինչպես են տեղափոխվում «Ազովստալից» դուրս եկած ուկրաինացիների հերթական խմբերը։

Ուկրաինական կողմը անձնատուր եղած ազովստալցիների թվային տվյալները չի հայտնում։

Դոնբասում թեժ մարտեր են ընթանում

Բրիտանիայի ռազմական հետախուզությունը գտնում է, որ Մարիուպոլի վրա լիակատար վերահսկողություն սահմանելուց հետո ռուսական ուժերը կտեղափոխվեն Դոնբաս՝ ուժեղացնելու հարձակողական գործողությունները։

Դոնբասում հիմա թեժ մարտեր են ընթանում։ Մասնավորապես Լուգանսկ-Իզյում ուղիղ գծի վրա ընկած Լիսիչանսկի ու շրջանային կենտրոն Սևերոդոնեցկի համար։ Սևերսկի Դոնեցկ գետի հանդիպակած ափերին ընկած այս երկու բնակավայրերը ռազմավարական նշանակություն ունեն Լուգանսկի ամբողջ մարզի վրա վերահսկողություն սահմանելու համար։

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել է, որ անցած մեկ օրվա ընթացքում հրետակոծությունների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։ Ավերվել ու հրդեհվել են տներ, շենքեր, փողոցներ։

«Սևերոդոնեցկի գրոհը, սակայն, հաջողություն չի ունեցել, ռուսները կենդանի ուժի կորուստներ են կրել ու նահանջել», - հավաստիացրել է նա։

Լուգանսկի մարզի ամբողջ տարածքի ազատագրումը մոտենում է ավարտին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր ասել է, թե Լուգանսկի մարզի ամբողջ տարածքը՝ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության ազատագրումը մոտենում է ավարտին»։

Շոյգուն խոսել է պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում։ Նա ասել է, որ շուտվ ռուսական բանակը ռազմավարական դրոններ կստանա, ինչը թույլ կտա խնայել անձնակազմն ու զինամթերքը, բայց նա չի հստակեցրել՝ ռազմավարական այդ դրոնները հայրենական արտադրությա՞ն են, թե՞ ստանալու են որևէ այլ երկրից։

Սերգեյ Շոյուուն անդրադարձել է նաև Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրին և ասել, որ Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ ռազմական սպառնալիքներն աճում են, որին Ռուսաստանը համարժեք կարձագանքի։

«Արևմտյան օկրուգում մինչև տարեվերջ կստեղծվի 12 նոր զորամաս ու ստորաբաժանումներ», - հայտարարել է նա։

«Ազով» գումարտակի հրամանատարը հանդես եկավ տեսաուղերձով
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG