Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում պաշարված ուկրաինացիների մի մասը երկուշաբթի երեկոյան դուրս եկավ ձեռնարկության տարածքից՝ հանձնվելով ռուսաստանցի զինվորականներին։ Դա տեղի ունեցավ ժամեր շարունակված բանակցություններից հետո, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն «Ազովստալի» տարածքը լքեցին 265 ուկրաինացի զինծառայողներ։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի պնդմամբ՝ գերեվարված ուկրաինացիներից 51-ը ծանր վնասվածքներ ունեին և տեղափոխվել են Նովոազովսկ քաղաքի հիվանդանոց։ Մնացած 200-ն, ըստ ռուսական և ուկրաինական մի շարք աղբյուրների, այժմ Դոնեցկին մերձակա քննչական մեկուսարաններից մեկում են։
Իրադարձությունները Մարիուպոլում սրընթաց կերպով սկսեցին զարգանալ երկուշաբթի օրվա երկրորդ կեսին՝ «Ազով» գնդի հրամանատար Դենիս Պրոկոպենկոյի տեսաուղերձի հրապարակումից հետո։
«Երբ դու կատարում ես քո առջև դրված մարտական առաջադրանքը՝ միաժամանակ պահպանում քեզ ենթակա անձնակազմի առավելագույն թվով անդամների կյանքը՝ դա է զորքերի կառավարման բարձրագույն մակարդակը։ Առավել ևս, երբ քո որոշումը հաստատված է բարձրագույն ռազմական ղեկավարության կողմից», - հայտարարում էր «Ազովի» հրամանատարը։
Այս հայտարարության հրապարակումից քիչ անց պարզ դարձավ, թե ինչ որոշման մասին է խոսքը։ Սկզբում ռուսական աղբյուրները, ապա նաև Reuters գործակալությունը հաղորդեցին, որ «Ազովստալից» դուրս եկող ուկրաինացի զինվորականներին ավտոբուսներով սկսել են հեռացնել Մարիուպոլից։ Ուկրաինական կողմը, սակայն, տեղի ունեցողը համառորեն ոչ թե գերեվարում, այլ տարհանում էր անվանում։ Ավելին, «Ազովստալում» ծավալվող իրադարձություններից հետո դեռ մի քանի ժամ ուկրաինական բոլոր պաշտոնական աղբյուրները լուռ էին։ Ուշ երեկոյան լռությունը առաջինը խախտեց պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
«Մարիուպոլի պաշտպանները հրամանատարության բոլոր առաջադրանքները կատարել են ամբողջությամբ։ Ցավոք սրտի, մենք այժմ «Ազովստալ» գործարանը ռազմական ճանապարհով ապաշրջափակելու հնարավորություն չունենք։ Գործարանից դուրս բերված զինվորականներին տուն վերադարձնելու համար կազմակերպվելու է փոխանակում», - հայտարարում էր Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը՝ իր ուղերձի ընթացքում ամեն կերպ խուսափելով արտաբերել «գերի» բառը։
Մալյարի ուղերձից քիչ անց Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը ևս հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, թե դիմադրությունը դադարեցնելու հրամանը իջեցվել է Կիևից։ «Մարիուպոլի կայազորը կատարել է իր առջև դրված խնդիրը, հրամանատարներին հանձնարարվել է խնայել ենթակաների կյանքը», - նշված էր շտաբի հայտարարության մեջ։
Կեսգիշերն անց, սակայն, բոլոր Ուկրաինայում սպասում էին նախագահ Զելենսկու ամենօրյա ուղերձին, որը մեկնարկեց Կիևի ժամանակով ժամը 12 անց 10-ին։
«Հույս ունենք, որ կհաջողվի փրկել մեր տղաների կյանքը։ Նրանց մեջ նաև ծանր վիրավորներ կան։ Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Մեր տղաներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է և այն նրբանկատություն և ժամանակ է պահանջում», - հայտարարում էր Վլադիմիր Զելենսկին։
«Կիևը շարունակում է ջանքեր գործադրել «Ազովստալում» մնացող մյուս ուկրաինացի զինվորականներին դուրս բերելու համար»
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ Կիևը այժմ շարունակում է ջանքեր գործադրել «Ազովստալում» մնացող մյուս ուկրաինացի զինվորականներին դուրս բերելու համար։ Ռուսական որոշ աղբյուրներ պնդում են, որ «Ազովստալի» կայազորի հանձնման գործընթացն այսօր ևս շարունակվել է։ Պաշտոնական տեղեկատվություն այս մասին առայժմ չի հաղորդվում։
Մարիուպոլի ճակատամարտի փաստացի ավարտին, սակայն, ավելի հրատապ է դառնում գերեվարված ուկրաինացի զինծառայողների հետագա ճակատագրի հարցը։ Ի վերջո պետք է հաշվի առնել, որ «Ազովստալում» գտնվող ուկրաինացիների թվում ոչ միայն կադրային զինվորականներ, սահմանապահներ և ոստիկաններ կան, այլև ազգայնական հայացքներով հայտնի «Ազով» գնդի հարյուրավոր մարտիկներ, որոնց Ռուսաստանում նեոնացիստական գաղափարախոսության կրող են համարում։
«Նացիստ հանցագործները չպետք է փոխանակման ենթակա լինեն, դրանք ռազմական հանցագործներ են։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանք կանգնեն դատարանի առջև», - այսօր հայտարարում էր Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում հնչած այս հայտարարությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը դիմել է երկրի Գերագույն դատարան՝ պահանջելով ուկրաինական «Ազով» գումարտակը ահաբեկչական կառույց ճանաչել։ Կարելի է ենթադրել, որ դատախազության հայցի բավարարման դեպքում «Ազովի» գերեվարված մարտիկները կզրկվեն տեսանելի ապագայում Ուկրաինա վերադառնալու բոլոր հեռանկարներից։ Այն, որ ռուսական կողմը «Ազովստալում» գտնվող կադրային զինվորականների և «Ազովի» մարտիկների նկատմամբ ակնհայտ տարբերակված մոտեցում ունի՝ հասկանում են նաև Մարիուպոլի կայազորի զինծառայողների կանայք։
«Հույս կա, որ [իմ ամուսինը] կվերադառնա, քանի որ նա Զինված ուժերից է և ենթակա է փոխանակման։ Ինչ վերաբերում է «Ազովի» մարտիկներին, ապա Ռուսաստանը, որքան հասկանում ենք, նրանց նկատմամբ այլ մոտեցում ունի», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր «Ազովստալում» գտնվող ուկրաինացի զինվորականներից մեկի կինը։