ՄԱԿ-ն ահազանգում է՝ Ուկրաինայի դեմ պատերազմը կարող է սովի մատնել 47 միլիոն մարդու։ Կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ նախազգուշացրել է՝ շատ երկրներ մի քանի տարով կարող են սովի մատնվել, եթե այսօր միջազգային համայնքը քայլեր չձեռնարկի պարենային ճգնաժամը կանխելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գուտերեշը Մոսկվային կոչ է անում ապաշրջափակել ուկրաինական հացահատիկի արտահանումըԸնդ որում՝ Գուտերեշը պնդել է, որ առանց Ուկրաինայի և Ռուսաստանի այդ ճգնաժամը հնարավոր չէ կարգավորել․ «Պարենային ճգնաժամի արդյունավետ լուծումն անհնար է առանց ուկրաինական պարենամթերքի, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի կողմից արտադրված պարենամթերքի և պարարտանյութերի համաշխարհային շուկա վերաինտեգրման»:
Ուկրաինայում աճեցվում է ցորենի համաշխարհային պաշարների 12 տոկոսը, եգիպտացորենի 15 տոկոսը, արտադրվում է արևածաղկի ձեթի 50 տոկոսը։ Մինչ ռուսական ներխուժումը՝ Ուկրաինայի նավահանգիստներով ամսական արտահանվել է 4,5 միլիոն տոննա գյուղմթերք։ Այժմ, սակայն, քանի որ ռուսական ռազմանավերը արգելափակել են Օդեսայի, Չերնոմորսկի և Ուկրաինայի այլ նավահանգիստները, մատակարարումները իրականացվում են միայն ցամաքային ուղիներով, որոնք առանց այդ էլ ծանրաբեռնված են:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրել է Ռուսաստանի իշխանություններից թույլ տալ հացահատիկի արտահանումը Ուկրաինայի նավահանգիստներից: Մոսկվան ի պատասխան հայտարարում է, թե ճգնաժամի պատճառը Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներն են։
Ռուսաստանն այս պահին միայն սեփական խնդիրները կարող է լուծել, Տելեգրամում գրել է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը. «Ռուսաստանն իր հաշվին չի լուծի արևմտյան երկրների խնդիրները: Մեր սննդամթերքի ներկրողները առանց մեր ցորենի և այլ սննդամթերքի մատակարարման շուտով դժվարության մեջ են հայտնվելու։ Իսկ առանց մեր պարարտանյութերի եվրոպական դաշտերում միայն մոլախոտ կբուսնի»։
Վաշինգտոնը պարենային այս ճգնաժամի մեջ ռուսական կողմին է մեղադրում
Ճգնաժամը, այո, առաջացել է նաև ռուս - ուկրաինական պատերազմի պատճառով, սակայն դրանում մեղավոր է միայն Ռուսաստանը, պնդում է Վաշինգտոնը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքեն. Եթե Ռուսաստանը վաղը կանգ առնի, պատերազմը կդադարի, եթե Ուկրաինան՝ այդ երկիրն այլևս չի լինիՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախարարների նիստին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շեշտել է, որ պատերազմը պետք է կանգնեցնի այն կողմը, որն էլ սկսել է․ «Այս խորհրդում մի քանի անդամներ բազմիցս կոչ են արել «բոլոր կողմերին» դադարեցնել պատերազմը: Եկեք չօգտագործենք դիվանագիտական լեզուն՝ ստվերելու պարզ փաստերը. այս պատերազմը սկսելու որոշումը Կրեմլինն է և միայն Կրեմլինը: Եթե Ռուսաստանը վաղը դադարեցնի կռիվը, պատերազմը կավարտվի, եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, Ուկրաինա այլևս չի լինի»:
Վաշինգտոնը պարենային այս ճգնաժամի մեջ ռուսական կողմին է մեղադրում՝ պնդելով նաև, թե Մոսկվան ունենալով բոլոր հնարավորությունները այն կանխելու՝ հնարավոր սովն օգտագործում է որպես սպառնալիք իր նպատակներին հասնելու համար։ Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիտարկում են բելառուսական պարարտանյութ արտադրողների նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես չեղարկելու տարբերակը, եթե Ալեքսանդր Լուկաշենկոն թույլ տա Ուկրաինային հացահատիկ արտահանել Եվրամիություն։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականը նաև գրում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին փորձում է բանակցել Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունների հետ, որպեսզի Ուկրաինայից հացահատիկի արտահանման ծովային միջանցք ստեղծվի։ Այս տարբերակի դիմաց էլ Արևմուտքը, ըստ ամերիկյան թերթի, նախատեսում է հեշտացնել ռուսական և բելառուսական պարարտանյութերի արտահանումը։