Մատչելիության հղումներ

Դմիտրի Պեսկով. «Ռուսաստանի պետական ակտիվներն Ուկրաինային փոխանցելու որոշումը կլինի բացահայտ թալան»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Կրեմլը հայտարարել է, թե «Մեծ յոթնյակը» և Եվրոպական միությունը կդիմեն բացահայտ թալանի, եթե որոշեն Ռուսաստանի սառեցված պետական ակտիվները փոխանցել Ուկրաինային:

Այդպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, ով ասել է, թե պատրաստ է քննարկել «ռուսական առգրավված պետական միջոցները Կիևին փոխանցելու և դրանցով Ուկրաինայի վերակառուցումը ֆինանսավորելու հնարավորությունը»:

«Ոչ ոք նման բան ռուսական կողմին կամ Կրեմլին չի ասել, և եթե լինի նման բան, ապա այդ որոշումը կլինի բացարձակ ապօրինի, աղաղակող և կպահանջի համապատասխան արձագանք, դա բացահայտ թալան կլինի»,- ասել է Պեսկովը:

Գերմանիայի ֆինանսների նախարարը նշել է, որ Եվրամիության և «Մեծ յոթնյակի» շրջանակներում քննարկում են այդ հնարավորությունը:

Ուկրաինայի վրա հարձակվելու կապակցությամբ արևմտյան երկրների բանկերում սառեցրել են Ռուսաստանի ակտիվները, դրամական միջոցները և արժեթղթերը: Ենթադրվում է, որ դրանց ընդհանուր գումարը հարյուր միլիարդավոր դոլարների է հասնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG