Երևանի մոտեցումն այն է, որ հայկական ու ադրբեջանական կողմերի ներկայացրած փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ, հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք այս հարցը Բրյուսելում, բնականաբար, բարձրացրել էինք, և մեր ընդհանուր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք, բայց վերջին շրջանում նաև կա հրապարակային հայտարարություն այս մասով: Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի խաղաղության օրակարգի շուրջ, որովհետև խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել, խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի և այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառի այդ երկու առաջարկների փաթեթը, որոնք պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել», - ասաց Գրիգորյան:
Անդրադառնալով դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների աշխատանքային հանդիպմանը ԱԽ քարտուղարը հայտնեց, որ այն տեղի չի ունեցել «տեխնիկական համաձայնությունը չունենալու պատճառներով»: «Հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի և աշխատանքային խումբը կհանդիպի», - ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է անկլավներին, ԱԽ քարտուղարն ասաց, որ Ադրբեջանը դեռևս չի ներկայացել իրավական հիմքեր այդ անկլավների մասով՝ շարունակելով «Մինչևդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով ու այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ, որ մենք ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում, եթե նրանք այդպիսի հարցեր են բարձրացնում»: