Հայաստանցիները սննդամթերքի գնաճը արդեն ամսեամիս են զգում իրենց սեփական գրպանների վրա։ Երևանի փողոցներում այսօր չգտանք մեկին, որ չէր նկատել թանկացումը։
«Հատուկ չեմ հաշվում, բայց ամեն ինչն էլ թանկացել ա», - ասաց քաղաքացիներից մեկը:
«Ամեն ինչն եմ նկատել թանկացում, բացի սննդամթերքը՝ տնտեսական, ամբողջը թանկացել ա», - ասաց մեկ այլ քաղաքացի:
Ապրիլին սննդամթերքը թանկացել է 14.5 տոկոս
Չնայած իշխանությունների ձեռնարկած քայլերին, անգամ պաշտոնական տվյալները փաստում են՝ սննդամթերքի գները Հայաստանում շարունակում են աճել երկնիշ թվերով։ Ապրիլին՝ այս տարվա առաջին երեք ամիսների համեմատ սննդամթերքի գնաճը ամենամեծն է եղել. նախորդ տարվա ապրիլի համեմատ պարենը թանկացել է 14.5 տոկոսով։
Հայաստանում գների կայունության համար պատասխանատուն Կենտրոնական բանկն է։ Գնաճը զսպելու գլխավոր գործիքը, որ կիրառում է կառույցը, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, ինչը թանկացնում է դրամը և պետք է որ կանգնեցի գների աճը կամ առնվազն դանդաղեցնի։
Նախորդ ողջ տարվա ընթացքում և այս տարի էլ շարունակաբար բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ավելի քան երկու անգամ և հասցնելով 9.25 տոկոսի, Կենտրոնական բանկը այս մայիսի սկզբին որոշեց կանգ առնել ու անփոփոխ թողնել այն։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ գլխավոր դրամատանը կարծում են, թե գների սրընթաց աճն առաջիկայում կանգնելու է, դեռ պարզ չէ։
Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` այսօր Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչ են անում հատկապես սննդամթերքի թանկացման դեմ։
«Մենք միարժեքորեն մոնիտորինգ ենք անում մի քանի տեսակի գնաճներ, սպառողական զամբյուղի ինդեքսից բացի, ցավոք սրտի, պարբերական այդ տեղեկատվությունը չկա, բայց ժամանակ առ ժամանակ անդրադառնում ենք նվազագույն պարենային զամբյուղին, նվազագույն սպառողական զամբյուղին», - նշեց Խաչատրյանը:
2021-ին սննդամթերքի թանկացումն 2 անգամ ավելի է եղել, քան պետական համակարգի աշխատավարձերի բարձրացումը
Վիճկոմի տվյալների համաձայն, եթե անցած տարի սննդամթերքը թանկացել է 11.5 տոկոսով, ապա, օրինակ, պետական համակարգում աշխատավարձն աճել է ավելի քան երկու անգամ քիչ՝ 5.2 տոկոսով։
Խորհրդարանական վերոհիշյալ հանձնաժողովի իշխանական նախագահ Գևորգ Պապոյանին այսօր հարցրեցինք՝ եթե պարենի երկնիշ գնաճի դեմն առայժմ չի ստացվում առնել, միգուցե իշխանությունները նախաձեռնեն պետական աշխատավարձերի, թոշակների համարժեք բարձրացո՞ւմ։
«Շարունակենք այն քաղաքականությունը, որը սկսել ենք, այն է՝ աշխատատեղերի շարունակական ավելացում, աշխատավարձերի շարունակական ավելացում: Հիմա մեր աշխատավարձային ֆոնդը և մեկ միավոր մարդուն ընկնող աշխատավարձի չափն ու աշխատավարձի չափը և աշխատողների քանակը պատմական առավելագույնների վրա են բացարձակ արժեքով: Պետք է փորձեն այդ քաղաքականությունը շարունակաբար պահենք, որպեսզի բնակչության վրա գնաճի ազդեցությունը հնարավորինս մեղմացնենք», - ընդգծեց Պապոյանը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, ակնհայտ է, որ միայն Կենտրոնական բանկի քայլերով անհնար է զսպել սննդամթերքի գների աճը։ Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի գյուղոլորտում աճ ապահովելու համար, ուր անցած տարի տեղ գտած անկմանը հաջորդում է այս տարի շարունակվող անկումը։
«Բացի այդ մեզ մոտ մենաշնորհները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պահպանում ենք իրենց իշխանությունը: Եթե անցած տարի, օրինակ, երբ դոլարն արժևորվում էր, ժամ առ ժամ փոխվում էին գնապիտակները և դա բացատրում էին ներկրվող ապրանքների թանկացմամբ, ապա այս տարի ապրիլին, երբ որ դոլարի փախարժեքը նվազում էր, գնապիտակները մնացին այնպես, ինչպես կային: Այսինքն մրցակցությունը մեզ մոտ չի ստիպում, որ գները իջնեն», - ասաց Պարսյանը:
Այսքանով հանդերձ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում միության հինգ անդամ-երկրներից սննդամթերքն ամենից քիչ թանկացել է Հայաստանում՝ 11.7 տոկոսով, ամենից շատ Ռուսաստանում ու Ղրղզստանում՝ յուրաքանչյուրում 13.5 տոկոսով։