Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը «այնքան էլ չի կիսում» այն ենթադրությունները, թե Հայաստանում ներկայիս ընդդիմադիր շարժման հետևում Մոսկվան է կանգնած: Այդ կարծիքը, ըստ նրա, «ավելի շատ ինֆորմացիայի պակասի արդյունքում է ձևավորվել հայաստանյան վերլուծական շրջանակներում»:
«Մենք տեսել ենք, որ այս շարժման մեկնարկից առաջ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Կարող եմ ասել, որ իմ ունեցած տեղեկություններով՝ Մոսկվայում շատ գոհ են այդ այցից, որովհետև Հայաստանը, մեծ հաշվով, Մոսկվայի տեսանկյունից՝ կատարում է իր դաշնակցային պարտավորությունները Ռուսաստանի նկատմամբ», - նշեց Գրիգորյանը, ով հյուրընկալվել էր «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդմանը: - «Տեսանք նաև, որ այդ այցի ընթացքում ստորագրվեց փաստաթուղթ, որով Հայաստանը, մեծ հաշվով, անուղղակիորեն իր աջակցությունը հայտնեց Ռուսաստանի տարբեր դիրքորոշումներին Եվրոպայում ընթացող գործընթացների վերաբերյալ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը և Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը«Մի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների միջև այս փուլում բավականին սերտ համագործակցային հարաբերություններ են հաստատվել: Ավելին՝ այս կառավարությունը, մեծ հաշվով, մեր տարածաշրջանում առաջ է տանում ռուսական օրակարգ՝ այս ողջ խաղաղության օրակարգը, եկեք չմոռանանք, որ առաջին հերթին ռուսական օրակարգ է, եթե խոսում ենք ապաշրջափակման մասին, մյուս գործընթացների մասին: Եվ հակառակը՝ ընդդիմությունը, մեծ հաշվով, չնայած փորձում է դիրքավորվել որպես ավելի պրոռուսական ուժ, փորձում է Ռուսաստանին ավելի հաճոյանալ, և այլն, բայց, մեծ հաշվով, դեմ է գնում ռուսական օրակարգերին», - ընդգծեց Գրիգորյանը:
Հաղորդման մյուս հյուրը՝ քաղաքագետ Բենիամին Պողոսյանը, իր հերթին, ասաց. - «Ես չեմ տեսնում ռազմավարական նշանակության որևէ հարց, որը կարևոր է Ռուսաստանի համար, որը, կա՛մ պահանջ, կա՛մ խնդիր, որը ներկայացվել է Հայաստանի գործող իշխանություններին, և Հայաստանի գործող իշխանությունները դրանից հրաժարվել են: Իհարկե, հիմա շատ է խոսվում միութենական պետությանը միանալու մասին, որ ենթադրաբար ընդդիմությունը պատրաստ է միանալ, իսկ գործող իշխանությունը պատրաստ չէ, սակայն դրանք զուտ տեսական խոսակցություններ են, որովհետև Հայաստանի՝ միութենական պետության անդամակցությունը դեռևս կոնկրետ խնդիր չէ, և որևէ մեկը վստահ չէ, որ եթե կոնկրետ այդ հարցը դրվի Հայաստանի գործող իշխանության առջև, ապա ինչպիսին կլինի իշխանության պատասխանը»:
«Այսինքն, նախ՝ այդ հարցը ուղղակիորեն հիմա դրված չէ, երկրորդ՝ որևէ մեկը չի կարող միանշանակ պնդել, որ Հայաստանի գործող կառավարությունը դրան կվերաբերվի խիստ բացասական», - նշեց Պողոսյանը: