Արկադի Փելեշյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Որոշման տեքստն այսօր է տեղադրվել կառավարության e-gov.am կայքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոռու մարզպետը չի հերքում, որ վարչապետը պատրաստվում է Վանաձորի համայնքապետ նշանակել Արկադի ՓելեշյանինՎարչապետին Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու լիազորություն խորհրդարանն էր տվել՝ ապրիլի սկզբին։ Իշխանական «Իմ քայլն» էր նախաձեռնել օրենքի փոփոխությունը՝ հայտարարելով, թե սրանով կհանգուցալուծվի արդեն չորս ամիս ղեկավար չունեցող Վանաձորում ստեղծված բարդ իրավիճակը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է վիճարկում ամիսներ առաջ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Մինչ դատարանները կքննեին «Լուսավորի» պահանջն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, իրավապահները՝ կոռուպցիոն չարաշահումների մեղադրանքով կալանավորեցին նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին, իսկ վարչական դատարանը սահմանափակեց ավագանու գործունեությունն ու արգելեց համայնքի ղեկավար ընտրել։ Եվ քանի դեռ Վճռաբեկ դատարանը որոշում չի կայացրել «Լուսավորի» բողոքի վերաբերյալ, ուժի մեջ կմնա համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ անցկացնելու արգելքը։
Փելեշյանը կալանավորված նախկին համայնքապետի տեղակալն էր։ Նա պաշտոնավարել է մինչև անցած տարեվերջ՝ մինչև Մամիկոն Ասլանյանի կալանավորումը։
Արկադի Փելեշյանը նախկինում անհայտ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակն էր գլխավորում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում և 5 մանդատ ստացավ ձևավորված ու դեռևս գործունեություն չծավալած ավագանիում։ Ավելի վաղ նա «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով էր ավագանու անդամ դարձել։