Վաշինգտոնը Հայաստանի իշխանություններին զսպվածության կոչ է անում, ընդդիմությանը՝ զերծ մնալ բռնություններից

«Մենք լիովին աջակցում ենք ազատ կամաարտահայտման և խաղաղ հավաքների հիմնարար իրավունքը։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ ձևով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին՝ զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- այս մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը Հայաստանում շարունակվող ընդդիմադիրների բողոքի ակցիաներին անդրադարձել է լրագրողներից մեկի հարցին ի պատասխան։

Նեդ Փրայսը հիշեցրել է անցած շաբաթ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած ռազմավարական երկխոսության մասին` հավելելով, որ այդ քննարկումներում կողմերը վերահաստատել են փոխադարձ հավատարմությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և Միացյալ Նահանգների աջակցությունը: