Պատերազմի սկզբից պաշարված Մարիուպոլից վերջին օրերին ՄԱԿ-ի և Կարմիր խաչի ջանքերով հաջողվել է «Ազովստալի» տարածքից շուրջ 500 մարդ տարհանել։ Այդ հսկա գործարանի բունկերներում և թունելներում ռուսական ուժերի հրետակոծություններից թաքնվել էին նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն այսօր հաստատելով 500 անձանց տարհանելու լուրը, ասել է, որ «Ազովստալից» մարդկանց փրկելու հաջորդ փուլը շարունակվում է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոնում կազմակերպված դրամահավաքի բարեգործական հավաքին ուղղված իր խոսքում ասել է, որ ներկա պահին «Ազովստալի» վրա ռուսական ուժերի հրետակոծումներն ու գրոհները չեն դադարում, բայց այնտեղ խաղաղ բնակիչներ կան՝ կանայք, երեխաներ, որոնց անհրաժեշտ է դուրս բերել։
«Դեռ շատ երեխաներ կան։ Միայն պատկերացրեք այդ դժոխքը, ավելի քան երկու ամիս մշտական ռմբակոծությունների տակ, մահերի կողքին։ Մենք ակնկալում ենք լռության արդյունավետ ռեժիmի հաստատում»,- ասել է Զելենսկին, խոսելով նաև «Ազովստալ»-ում գտնվող ուկրաինացի զինվորականների մասին։
Նա ասել է, թե ամեն ինչ անում են նրանց փրկելու համար․ «Հերոսներ որոնք պաշտպանում են Մարիուպոլը օկուպանտների գերազանցող ուժերից։ Նրանք շատ վիրավորներ ունեն, բայց չեն հանձնվում, պահում են դիրքերը։ Մենք նույնպես չենք հանձնվում, յուրաքանչյուր օր, ամբողջ թիմով տարբերակներ ենք փնտրում նրանց անվտանգությունը ապահովելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակասական պնդումներ Մոսկվայից և Կիևից՝ «Ազովստալ» գործարանի գրոհի վերաբերյալՈւկրաինայի նախագահն ասել է, թե հասկանում է, որ Ռուսաստանը կցանկանա մայիսի 9-ին այնտեղ շքերթ անցկացնել։
Տեսակապով մասնակցելով բարեգործական հավաքին, Զելենսկին ասել է, որ ռուսական ուժերն արդեն ավելի քան 2 հազար հրթիռ են արձակել Ուկրաինայի վրա։ Ռուսական բանակի ավերածությունները վերացնելու համար Ուկրաինային ավելի քան 600 միլիարդ դոլար է անհրաժեշտ։
Որքան մոտենում է մայիսի 9-ը, այնքան ավելի հաճախ է խոսվում Ուկրաինայի տարածքում այդ օրը ռուսների կողմից որևէ կերպ նշելու ցանկության մասին։
Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի կարծիքով՝ Կրեմլը պատրաստվում է մայիսի 9-ին ուկրաինացի ռազմագերիների երթ կազմակերպել Մարիուպոլում, այնպես, ինչպես 2014-ին Դոնեցկում, երբ մի քանի տասնյակ ուկրաինացի ռազմագերիների ստիպել էին անցնել Դոնեցկի փողոցներով։
Բրիտանական ռազմական հետախուզության այսօր հրապարակած ամփոփագրում նշված է, որ «Ազովստալ»-ում շարունակվում են ռուսական ուժերի գրոհները, չնայած ավելի վաղ հայտարարվել էր, թե մտադիր են միայն շրջափակման մեջ պահել այնտեղ մնացած ուկրաինական ջոկատներին։ Բրիտանացիները ևս ենթադրում են, որ շարունակվող գրոհները կապ ունեն մայիսի 9-ի հետ՝ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խորհրդանշական հաղթանակի հասնել՝ գրավելով «Ազովստալը» ու այդ նպատակին հասնելու համար ռուսական ուժերի գրոհներն ու կորուստերը շարունակվում են։
Ըստ ՄԱԿ-ի՝ պատերազմի սկզբից մինչ հիմա Ուկրաինայում առնվազն 3 հազար 280 մարդ է զոհվել
Ինչպես յուրաքանչյուր օր, ռուսական և ուկրաինական կողմերը այսօր ևս ներկայացրել են իրենց զորքերի վերջին գործողությունների արդյունքները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովն ասել է, որ օդուժը զինամթերքի մեծ պահեստ է ոչնչացրել Կրամատորսկում, ավիահարվածներ են հասցվել ուկրաինական ռազմական 24 օբյեկտների։ Հրետանին հարվածել է ուկրաինական բանակի ավելի քան 180 հենակետի, ՀՕՊ-ը խոցել է մեկական օդանավ և ուղղաթիռ։
Կոնաշենկովը ռուսական բանակի որևէ առաջխաղացման մասին չի նշել։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ անցած օրվա ընթացքում Դոնբասում ռուսական ուժերի 11 գրոհ հետ է մղվել, ոչնչացվել է ութ տանկ, 16 զրահամեքենա և մարտական մեքենա։
Պատերազմական գործողությունների պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։
ՄԱԿ-ը պարբերաբար ամփոփում և հրապարակում է քաղաքացիական շրջանում կորուստների հաստատված տվյալները։ Այսօրվա հաղորդագրությունում նշված է, որ պատերազմի սկզբից մինչ հիմա Ուկրաինայում առնվազն 3 հազար 280 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար 400-ը վիրավորվել են։ Զոհվածների թվում 231-ը երեխաներ են։
Ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկում և Լուգանսկում 105 խաղաղ բնակիչ է զոհվել, վիրավորների թիվը 400-ից ավելին է։
ՄԱԿ-ը նշում է, որ Ուկրաինայում զոհվածների քանակը իրականում կարող է ավելի շատ լինել, որովհետև պատերազմական գործողությունների վայրերից տվյալները կարող են ամբողջական չլինել։
ՄԱԿ-ի զեկույցում նշված է, որ քաղաքացիական անձինք զոհվել, կամ վիրավորվել են հիմնականում ծանր հրետանու, հրթիռակոծությունների, ավիահարվածների ու համազարկային կրակի համակարգերի հարվածների հետևանքով։